ՀՀ արտակարգ իրավիճակների եւ շրջակա միջավայրի նախարարների պայմանավորվածության համաձայն, հոկտեմբերի 24-26-ը ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» կազմակերպվել էր նախարարության 13 աշխատակցի վերապատրաստում՝ «Անտառային եւ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության ապահովում» թեմայով: Այս դասընթացը ՃԿՊԱ-ում վերապատրաստումների տարեկան պլանով նախատեսված չէր:

Եռօրյա դասընթացի առաջին երկու օրը տեսական դասեր էին, վերջին օրը՝ գործնական պարապմունքներ: Հատուկ այս խմբի համար մշակված դասընթացի թեմաների մեջ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մասնագետները ներառել են նաեւ քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցեր:

Վերապատրաստման հիմնական թեմաներն էին. «Անտառային եւ բուսածածկ տարածքների հրդեհների ընդհանուր նկարագիրը, դրանց առաջացման պատճառները,  տարածման եւ հրդեհային անվտանգության գործոնները», «Անտառային հրդեհների տեսակները ըստ կրակի տարածման, արագության եւ բարձրության», «Անտառային հրդեհների աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», «Անտառային հրդեհների հետախուզումը», «Անտառային եւ բուսածածկ տարածքների հրդեհների իրավական ապահովումը», «Անտառային եւ բուսածածկ տարածքների հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգությունը», «Ժամանակակից ռոբոտատեխնիկական համակարգերի կիրառումը անտառային եւ բուսածածկ տարածքների հրդեհների դեպքում»:

 

Լուսանկարները տրամադրել են դասախոսները