ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանը նշանակվել է ՀՀ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» պրոռեկտոր: Այսօր նորանշանակ պրոռեկտորին բուհի ղեկավարությանը ներկայացրեց արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը:

Արմինե Հայրապետյանը ԱԻՆ համակարգում աշխատել է օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, ապա՝ աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող: Միջազգային համագործակցության, նաեւ կրթական եւ վերապատրաստման ծրագրեր կազմակերպելու փորձ ունի: Արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը վստահ է, որ նորանշանակ պրոռեկտորը իր փորձը, գիտելիքներն ու հմտությունները կծառայեցնի ակադեմիայի շարունակական զարգացմանը: Փոխնախարարն առաջարկեց քննարկել ՃԿՊԱ-ում արտասահմանցի ուսանողների կրթություն կամ վերապատրաստում կազմակերպելու հարցը: Նման ծրագրի իրականացման նախադրյալներ կան:

Արտյուշ Գրիգորյանի կարծիքով, ԱԻՆ համակարգում իրականացվող բոլոր կրթական եւ վերապատրաստման ծրագրերում ՃԿՊԱ-ն պետք է առաջատար լինի: Շնորհակալություն հայտնելով վստահության համար, Արմինե Հայրապետյանը ասաց, որ պետք է ավելի բարելավվել կրթագիտական միջազգային ծրագրերի հասանելիությունը ակադեմիայի ուսանողների համար: Մասնավորաբար՝ ակտիվ համագործակցություն կա Եվրամիության բնակչության պաշտպանության եւ հումանիտար աջակցության գլխավոր տնօրինության (DG-ECHO) բնակչության պաշտպանության միջազգային համագործակցության թիմի ղեկավար Տրիստան Սիմոնարտի հետ: Այս կառույցը առանցքային է համարում աղետների ռիսկի նվազեցման հիմնարար կրթության ստացումը: «Աշխատանքը պիտի արվի ՃԿՊԱ ձեւավորված, կուռ աշխատակազմի հետ: Թիմային աշխատանքի դարաշրջան է: Միանշանակ չափազանց պատասխանատու նշանակում է, պարտավոր ես նպաստ բերել, որը պիտի զարգացնի համակարգն ու աշխատակիցների կարողությունները», — մեզ հետ զրույցում ասաց Արմինե Հայրապետյանը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ