ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» գրանցել է հերթական հաջողությունը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հավանության է արժանացրել «Ճգնաժամ հաղթահարողները» ուսուցչի ձեռնարկները՝ նախատեսված 2-րդ եւ 3-րդ դասարանների համար: Ներկայումս քննարկման փուլում է 4-րդ, մշակման փուլում՝ 5-րդ դասարանների ձեռնարկները:

Ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի խոսքով՝ մեթոդաբանությունն ամբողջովին այլ է: Գրքերը նորարարական են եւ չեն հանդիսանում դասագիրք՝ որպես այդպիսին: Բովանդակությունը կառուցված է խաղային եւ թեստային սկզբունքով, լիովին համապատասխանում է ԿԳՄՍ նախարարության հաստատած չափանիշներին: Ուսուցչի ուղղորդմամբ՝ աշակերտները փնտրելու են անհրաժեշտ գրականությունը համացանցում, կատարելու ծաղկաքաղ: Նախատեսվում է մշակել ձեռնարկների ամբողջական փաթեթ 2-9-րդ դասարանների համար: Գրականության ստեղծման ուղղությամբ ՃԿՊԱ դասախոսների մեծ թիմ է աշխատում:

Եթե գրքերը հավանության արժանանան, իրատեսական կդառնա նաեւ «Պատանի հրշեջ-փրկարար» հենակետային վարժարան հիմնելու նախագիծը, որը ոչ այլ ինչ է, քան փրկարարական թեքումով հանրակրթական դպրոց:

Ըստ նախագծի՝ պիլոտային ծրագրով երեք դպրոց է հիմնվելու Երեւանում, Ստեփանավանում եւ Վայոց ձորի մարզի համայնքներից մեկում: Դրանք լինելու են լիարժեք հիմնական կրթությամբ դպրոցներ՝ արտակարգ իրավիճակների թեքումով: Շրջանավարտները հնարավորություն կունենան կրթությունը շարունակել ՃԿՊԱ-ի միջին մասնագիտական կրթական ծրագրում:

Ամեն դաս ունենալու է իր նպատակը, գույքային ու տեխնիկական պահանջները, հստակ տեւողությունը: Ուսումնական գործընթացը ներառելու է էքսկուրսիաներ: Օրինակ՝ կողմնորոշման թեման յուրացնելու համար դասը լինելու է արտադասարանային: Նախատեսվում է, որ ակադեմիայում վերապատրաստված մասնագետները, որոնք դասավանդելու են դպրոցներում, համապարփակ գիտելիք են տալու՝ անվտանգության պահպանման տարրական կանոններից մինչեւ քաղաքացիական պաշտպանության գիտական մոտեցումներ:

Ի պատասխան հարցին՝ ինչով է վարժարանը տարբերվելու մյուս դպրոցներից, Համլետ Մաթեւոսյանը նշում է. «Երեխան կարող է առարկան չսիրել, բայց այս դեպքում խմբային ու խաղային մոտեցման շնորհիվ նա անպայման ներգրավվելու է դասընթացին, փոքրուց կատարելու է իր մասնագիտական ընտրությունը: Մարզերում նման դպրոցները շատ խնդիրներ կարող են լուծել, առաջին հերթին՝ համայնքի ամրապնդումն ու երեխաների համար նորարարական ուսումնական պայմաններ ստեղծելը: Բացի դրանից՝ երեխան, փրկարարական գիտելիք ստանալով, կծառայի իր մարզին, իր համայնքին»:

Ռեկտորը լիահույս է, որ ԿԳՄՍ նախարարության հաստատած ԱԻ ձեռնարկներն առցանց հասանելի կլինեն նաեւ մյուս հանրակրթական դպրոցներին, եւ անվտանգության մշակույթի ամրապնդումը կլինի շղթայական: Ակադեմիան պատրաստ է կազմակերպել մանկավարժների վերապատրաստումը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ