Օգոստոսի 15-ին «Հարմարվողականության ազգային ծրագիր (ՀԱԾ)՝ Հայաստանում միջնաժամկետ եւ երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի շրջանակում կայացել է աշխատաժողով, որին մասնակցել են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոսներ Հասմիկ Հարությունյանը եւ Լիլիթ Մինասյանը։

Աշխատաժողովն իրականացրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը՝  Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։

Ներկայացվել է ծրագրում ներգրավված «ԳԵՈՌԻՍԿ» գիտահետազոտական ընկերության կողմից Շիրակի եւ Լոռու մարզերի համար մշակված «Կլիմայական եւ կապակցված բնական վտանգների եւ ռիսկերի աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) քարտեզների» հավաքածուն («Ատլաս»), ինչպես նաեւ ցուցադրվել տարածական տվյալների հավաքագրման, կառավարման եւ ազատ տարածման համար ստեղծված Geonode երկրատարածական տվյալների կառավարման առցանց համակարգը:

Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել գործիք, որը կաջակցի կլիմայական փոփոխությունների հետ կապված ուսումնասիրությունների իրականացմանը, խնդիրների բացահայտմանը եւ լուծումների մշակմանը, ինչպիսիք են

  • կլիմայական եւ կապակցված բնական վտանգների եւ ռիսկի գնահատումը Հայաստանի տարբեր տարածքների համար,
  • կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիության գնահատումների իրականացումը,
  • կլիմայական եւ ուղեկցվող վտանգավոր երեւույթների ազդեցության մեղմման եւ հարմարվողականության գործողությունների մշակումը։

Ստեղծվել է ընդհանուր ԱՏՀ շտեմարան, որը պարունակում է թվային շերտեր ինչպես կլիմայական (սաստիկ շոգ եւ ցուրտ, ջերմային ալիքներ, երաշտ, ցրտահարություն, առատ անձրեւներ, ուժեղ քամիներ) եւ ուղեկցող բնական վտանգների (սողանքներ, սելավներ, քարաթափումներ, ձնահյուսեր, անտառային հրդեհներ) վերաբերյալ, այնպես էլ ընդհանուր բնույթի աշխարհագրական շերտեր, ինչպիսիք են բարձրությունների թվային մոդելը, հիդրոլոգիական ցանցը, ջրհավաք ավազանները, հողօգտագործումը, հատուկ պահպանվող տարածքները, բնակավայրերը եւ այլն։ Այս երեւույթների վտանգի եւ ռիսկի գնահատման մեթոդաբանության մշակման համար ընտրվել է երկու պիլոտային մարզ՝ Շիրակը եւ Լոռին։ Չնայած այս մարզերը սահմանակից են, նրանք ունեն խիստ տարբեր կլիմայական բնութագրեր, ինչը հնարավորություն է տալսի փորձարկել ընտրված մեթոդաբանությունը տարբեր կլիմայական պայմանների համար։ Հավաքագրվել են բոլոր կլիմայական երեւույթների վերջին 60 տարվա միջին ամսական տվյալները Շիրակի եւ Լոռու մարզերի 12 օդերեւութաբանական կայաններից։  Այսպիսով, ստեղծվել է  կլիմայական տվյալների միասնական հենք ԱՏՀ ձեւաչափով, որը պարունակում է 100-ից ավելի տարածական շերտ՝ կցված  հայերեն եւ անգլերեն տվյալների բազայով։ Տվյալների որոնումը պարզ է, հասանելի, եւ հնարավոր կլինի հեշտությամբ փոխակերպել  այլ ձեւաչափերի, լրացումներ ու ճշգրտումներ անել։

Տվյալների բազան՝ Geonode-ը, տեղեկատվական բաց պլատֆորմ է՝ ուղղված տարածական տվյալների հավաքագրմանը, կառավարմանը եւ ազատ տարածմանը համացանցի միջոցով։ Այս համակարգը ավտոմատ բոլոր մուտքագրված տվյալները վերածում է միեւնույն կոորդինատային համակարգի  եւ համապատասխանեցնում տարածական տվյալները եւ  իրենց մետատվյալները միջազգային ստանդարտներին։  Ինչ վերաբերում է տվյալների ազատ տարածմանը,  հնարավոր կլինի ոչ միայն  ներբեռնել քարտեզները ԱՏՀ գոյություն ունեցող հիմնական ձեւաչափերով կամ նկարի տեսքով, այլեւ  քարտեզագրական վեբծառայությունների միջոցով։  Բացի այդ՝ Geonode-ում հնարավոր է տեքստային, գրաֆիկական եւ նկարների տեսքով պահպանել լրացուցիչ տեղեկատվությունը՝  հաշվետվություններ, ձեռնարկներ, նորմատիվ ակտեր եւ այլն։ Այս համակարգի օգտատերերը կարող են լինեն պետական կառույցները, ոլորտային նախարարությունները, գիտական հիմնարկները, ուսումնական հաստատությունները եւ անհատական օգտատերերը։

ՃԿՊԱ դասախոս Հասմիկ Հարությունյանը նշում է՝ ռիսկերի քարտեզները կարեւոր են հատկապես ներդրումային ծրագրեր անողների համար։ Կլիմայական վտանգների մասին քննարկումներից քաղած գիտելիքը պարտադիր կօգտագործի իր ուսումնական ծրագրում։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ