Օգոստոսի 1-ից Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա»-ում մեկնարկել են կենսաբանական անվտանգության թեմայով վերապատրաստման դասընթացներ։ Դասախոսում է ՃԿՊԱ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Բագիյանը։

Ծրագրին ներգրավված են կենտրոնական Ասիայի, հարավարեւելյան եւ արեւելյան Եվրոպայի 10 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Ֆինանսավորում են Եվրամիությունն ու Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը։

Դասընթացը նախատեսված է փրկարարների, ոստիկանների, սահմանապահների եւ մաքսային ծառայության աշխատակիցների համար։ Հուլիսի 1-ից արդեն իսկ 5 մարզում՝ Կոտայք, Արագածոտն, Արմավիր, Շիրակ եւ Արարատ, փրկարարական հրամանատարական կազմից մոտ 60 հոգի ծանոթացել է կենսանվտանգության խնդիրներին, ներկա մարտահրավերներին։

Վալերի Բագիյանի խոսքով՝  2020 թվականի նոյեմբերին կայացել են առցանց հանդիպում-քննարկումներ ԱԻ նախարարության եւ Ավստրալիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի ու ԱՄՆ-ի ոլորտային մասնագետների միջեւ։  Ճիշտ է՝ այս ծրագիրն ուղղված է հիմնականում կորոնավիրուսի վերաբերյալ իրազեկմանը եւ կանխարգելմանը, սակայն դասընթացների ժամանակ ավելի  լայն թեմաներ են քննարկվում՝ ճառագայթային եւ միջուկային վտանգներ, աշխարհում տարածված վիրուսային հիվանդություններ, աղտոտվածությունը որոշող սարքավորումների էվոլյուցիան ու կիրառման հնարավորությունները եւ այլն։ Պարտադիր ցուցադրվում են նաեւ ֆիլմեր աղտոտված միջավայրում նմուշառման կազմակերպման եւ թիմային աշխատանքի վերաբերյալ։

«Ծրագրի շրջանակում ստացել ենք անհատական  պաշտպանության միջոցներ, վարակազերծման սարքավորումներ։ Մարզային այցերի ժամանակ վարչություններին  գույք ենք բաժանում։  Այս ծրագիրը, կարելի է ասել, մեզ վստահվեց Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատարության շնորհիվ, որն այցելել էր ԱԻՆ, ուսումնասիրել մեր փորձը, կարողությունները,  գիտելիքը։ Սերտ համագործակցություն է հաստատվել», — նշում է մասնագետը։

Խոսելով ներկայումս մեծ թափով տարածվող եւ տարբեր մտավախությունների տեղիք տվող «Կապիկի ծաղիկ» հիվանդության մասին՝  Վալերի Բագիյանը հավելեց, որ վերջերս զրույց է ունեցել  բրիտանացի վարակաբանի հետ, եւ նա վստահեցրել է, որ վարակն օդակաթիլային ճանապարհով չի տարածվում․  այն սերտ շփում է պահանջում։  Միակ վտանգն այն է, որ հիվանդության հարուցիչը գրեթե մեկ շաբաթ պահպանվում է մակերեսի վրա։

Ծրագիրը կավարտվի հոկտեմբերին,  վերապատրաստվելու է ընդհանուր 120 մարդ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ