Լույս է տեսել «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսի հերթական (այս տարվա առաջին)՝ 20-րդ համարը: Հանդեսը համապատասխանում է ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջներին:

Ինչպես եւ նախորդ համարները, «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսի 20-րդ համար էլ երեք բաժին ունի. «Կառավարում եւ տնտեսագիտություն», «Տեխնոլոգիաներ», «Ուսումնամեթոդական եւ գիտամեթոդական հիմնախնդիրներ»:

Հանդեսի 20-րդ համարում ներկայացված է 58 հեղինակի 27 հոդված. «Ճգնաժամերի կառավարման համակարգի բաղադրիչները», «Վթարափրկարարական տեխնիկայի արդյունավետության եւ շահագործման պայմանների փոխադարձ կապը», «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներում օդափոխության իրականացումը ջերմային պոմպերի միջոցով», «Ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրները Հայաստանում՝ արտակարգ իրավիճակների տեսանկյունից», «Մասնագետների պատրաստումը «ճգնաժամային իրավիճակներում տարածքային կառավարման կազմավորումների կայունությունը» ծրագրով», «Ճգնաժամերի կառավարման համակարգի կառուցվածքը տարբեր երկրներում» եւ այլն:

«Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսը հրատարակում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան»՝ 2010 թվականից:

2010 թվականից հրատարակվում էր ժողովածուի տարեկան մեկ-երկու համար: Ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, 2019 թվականից մշտապես հրատարակվում է տարեկան երկու համար:  Հանդեսի գլխավոր խմբագիրը ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն է, խմբագրի տեղակալը՝ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը, պատասխանատու քարտուղարը՝ ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու Վահագն Կրբեկյանը:

Մինչ օրս «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսում հրատարակվել է մոտ 500 հոդված, որի 70 տոկոսը՝ ակադեմիայի մասնագետների հեղինակած: Եղել են Հայաստանի այլ բուհերից եւ այլ պետություններից ուղարկված հոդվածներ: «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսը չի վաճառվում, տրամադրվում է գրադարաններին, ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների՝ այդ թվում՝ փրկարար ծառայության մարզային կառույցներին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ