Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման միասնական համակարգի եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտների կապի համակարգերի արդիական հարցեր» թեմայով գիտագործնական կոնֆերանս, որին մասնակցել են նաեւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոսները: Գիտական հավաքի նպատակն էր ակտիվացնել գիտության եւ տոխնոլոգիաների նորարարական մեթոդների վերաբերյալ գիտական հաղորդակցությունը, ստեղծագործական եւ մասնագիտական ինքնակատարելագործման հիմքեր ստեղծել: Ներկայացվել է 15 զեկույց. «Մարզերում ազդարարման ինքնաշխատ համակարգերի շինարարության նորմատիվ բազայի կատարելագործում», «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ռադիոկապի համակարգերում օգտագործվող պտտվող բեւեռներով ալեհավաքների օգտագործում եւ կատարելագործում», «Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում օգտագործվող անօդաչու թռչող սարքերը», «Կապի ապահովում արբանյակային համակարգերի կիրառմամբ», «Արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման համար կապի շարժական հանգույցներ», «Շրջակա միջավայրի ազդեցությունը ռադիոալիքների տարածման վրա», «Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդկանց իրազեկման, ազդարարման, տարհանման համակարգերի զարգացման ուղղությունները» եւ այլն:

2019 թվականի դեկտեմբերին Երեւանում համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» եւ Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիան»: Համաձայնագրով սահմանված է համագործակցության երեք նպատակ. քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման ոլորտների համար բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու հարցում ջանքերի մեկտեղում, կրթական եւ գիտահետազոտական աշխատանքների որակի բարձրացում, արտակարգ իրավիճակների արձագանքման պետական լիազոր մարմինների աշխատանքներում գիտական հետազոտությունների արդյունքների ներդրում: