ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» եւ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համագործակցության շրջանակներում, այսօր հերթական միջոցառումն էր կազմակերպվել ռազմական համալսարանում: Բուհի շարահրապարակում բացազատվել էր ուսումնական 7 տեղամաս, որից չորսը՝ ՃԿՊԱ ուժերով: Ներկայացված էին փրկարարական աշխատանքներում կիրառվող գույքը եւ սարքավորումներ՝ փոքր մեխանիզացիա, հիդրավլիկ, էլեկտրական, օդաճնշակային (պնեւմատիկ), ներքին այրման շարժիչով, մեխանիկական սարքեր եւ սարքավորումներ, բարձրությունների վրա աշխատանքներում օգտագործվող գույք եւ հանդերձանք, որոնողական աշխատանքներում օգտագործվող սարքեր, ջրասուզական հանդերձանք եւ այլն:

Նման առաջին միջոցառումը կազմակերպվել էր այս տարվա ապրիլին:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի զինծառայողները՝ դասախոսները, աշխատակիցները, կուրսանտները ծանոթացան ներկայացված ողջ գույքին, լսեցին դրանց վերաբերյալ ՃԿՊԱ դասախոսների համառոտ խոսքը: Եղան հարցուպատասխան եւ քննարկումներ: Ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանի խոսքով, գույքի առաջին ցուցադրությունը բավականին հաջողված էր ու հենց այդ նպատակով էլ կազմակերպվել է համանման երկրորդ միջոցառումը: «Ոչ միայն ծառայության մեջ, այլ նաեւ կենցաղում անհրաժեշտ է տիրապետել անվտանգության կանոններին», — նկատեց Խաչատուր Խաչատրյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ