Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է մեկ տարի։ Հազարավորները, այդ թվում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» 16 սան, չխնայեցին իրենց կյանքը, որ մենք շարունակենք ապրել ու արարել։

Փառք ու խոնարհում ձեզ, տղանե՛ր։

Հրաչյա Արզումանյան.վանաձորցի  մարզիկն ու կապավորը

(պատմում է հայրը՝ Սեյրան Արզումանյանը)

Հրաչյան Ջրականում էր ծառայում։ Վիճակահանությամբ Արցախի կտրոնն էր քաշել, սկզբում Խոջալու տարան, հետո՝ Ջրական։ Երրորդ գումարտակի 8-րդ վաշտի կապավորն էր։ Վերջին անգամ որդուս տեսա երդմնակալության օրը։ Փոխգնդապետերից մեկին հարցրի՝ ինչպիսի զինվոր է, ասաց՝ քչախոս տղա է, բայց ուժեղ։ Մարզիկ էր, առանց կանոնների մարտերով էր զբաղվում։ Ականջները «ջարդած» էին, բազուկներն ու մատները՝ հաստ։

9 ամսվա ծառայող էր, երբ պատերազմն սկսվեց։ Անընդհատ զգուշացնում էի, որ ուշադիր լինի, սաղավարտն ու զրահաբաճկոնը չհանի։ Ասում էր․ «Պա՛պ, մաշկիս կեսն ա դարձել․ չեմ հանում։ Պատերազմ ա էլի, հեսա կպրծնի»։

Զոհվեց հոկտեմբերի 28-ին՝ պատերազմի 32-րդ օրը, Շեխեր եւ Դրախտիկ գյուղերի տարածքում։ Կապ էին տվել, որ այդ ուղղությամբ գրոհ է սպասվում, պետք է նահանջել։ Չէին հասցրել․ հրետակոծություն էր սկսվել։ Երկու օր առաջ էի խոսել հետը, դիրքում դիվերսիա էր եղել։ Ասաց, որ մեկից վրեժն իր ձեռքով է լուծել։ Այդ մտքով եմ մինչ օրս մխիթարվում։

Պատերազմից հետո իր մարզիկ ընկերոջը տեսա, պատմեց, որ Հադրութում հանդիպել են, առաջարկել է իրենց վաշտին միանալ ու նահանջել։ Չի համաձայնել։ Մահվանից հետո որդուս հեռախոսը փորփրեցի․ բնության օրենքների, պատերազմի մասին ֆիլմեր էր դիտել։

Սպորտում բազմաթիվ հաջողություններ ուներ, մեդալներ, որոնցից հուշանկյուն ենք սարքել։

Դեռ պատանի՝ աշխատում էր դպրոցի արձակուրդների օրերին։ Մի օր նեղացած հարցրի՝ «Ի՞նչդ է պակաս»։ Ասաց, որ ուղղակի ուզում է աշխատել։ Մտածեցի՝ թող քրտնի, իր չարչարանքի գինն իմանա։ Առաջին աշխատավարձին ընտանիքի բոլոր անդամներիս համար նվերներ էր գնել։

Ակադեմիան շատ էր սիրում, ճիշտ մասնագիտություն էր ընտրել․ մի անգամ վատառողջ մորս առաջին օգնություն էր ցույց տվել։ Չհասցրեց առաջին քննաշրջանին մասնակցել զորակոչի պատճառով։

Եղբոր մահից հետո աղջիկս համառորեն պարապեց ու բուհ ընդունվեց, որ մեզ կարողանա ուրախացնել։

Վանիկ Խաչատրյան․ «Պիտի Արցախում ծառայեմ»

(պատմում է հայրը՝ Վալեր Խաչատրյանը)

Երեք ամիս ծառայում էր Ջրականում։ Կապավոր էր։ Հոկտեմբերի 28-ին վերջին անգամ խոսեցի հետը, ասաց, որ երկու օրով անհասանելի կլինի։ Պատերազմի թեժ կետերում էր եղել, բայց մեզ հանգստացնում էր, որ նոր ծառայողները բունկերում են, դիրքեր չեն գնում։ Հրամանատարի ամեն առաջադրանք կատարել էր։ Հադրութից կռվելով հասել էին Կարմիր շուկա։ Տղերքից տեսնող էր եղել, որ կաղալով գնում է վաշտի հետ։ Երբ հարցրի՝ ինչ է պատահել, ասաց․ «Պա՛պ ջան, դու արխային եղիր։ Հանգիստ տեղդ նստի՛ր, մենք ամեն ինչ կանենք»։ Ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց վիրավոր լինելը։

Խնածախ գյուղի մոտ պայթեցրել էին 19 հոգի տեղափոխող իրենց մեքենան։ Նոյեմբերի 10-ին վերջապես կարողացա Ղարաբաղ գնալ։ Հենց այդ գյուղում էլ գտա որդուս։

Մինչեւ զորակոչվելը տեսողության խնդիրներ ուներ։ «Պա՛պ, հեռուն չեմ կարողանում տեսնել, մոտիկը հո տեսնում եմ։ Եթե տղա ես ծնվել, պիտի ծառայես։ Արցախու՛մ պիտի ծառայեմ»,- ասում էր։

Երազում էր Երեւանում սովորել․ ֆինանսապես չկարողացանք ընդառաջել։ Ակադեմիայի Ստեփանավանի մասնաճյուղն ընդունվեց։

Լոռու մարզի Ուռուտի դպրոցն ավարտել էր լավ առաջադիմությամբ։ Նախաձեռնող էր, միշտ ուզում էր նոր բան սովորել։ Այդպես էլ համակարգչային կարճ կուրսերի գնաց։ Երբ իրեն գովում էի, նեղսրտում էր․ «Պա՛պ, իմ կշտին ինձ մի գովա»։

Ֆուտբոլ էր սիրում, մարզվում էր մեր բակի մարզասարքերով։ Միշտ օգնում էր գյուղատնտեսական աշխատանքներում։ Տղես իմ թիկունքն էր։

Տիգրան Սիմոնյան․ խիստ ու բարձրահասակ տանկիստը

(պատմում են զարմիկները՝ Գալինան ու Հրանտը)

Տիգրանը ծառայում էր Խոջալուում, չորս ամիս էր մնացել զորացրվելուն։ Տանկիստ էր․ կեսլուրջ, կեսկատակ ասում էր․ «Ավելի լավ ա՝ ես մեռնեմ, քան տանկիս մի բան պատահի»։ Երբ զանգում էինք, միշտ իր սիրելի տեխնիկան նորոգելիս կամ մաքրելիս էր լինում։ Շատ էր սիրում մեքենա վարել, ամեն բանից գլուխ էր հանում։ Զոհվեց սեպտեմբերի 29-ին։

Երբ արձակուրդ էր գալիս, բոլոր հարազատներին հավաքում էր իրար գլխի։ Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում զինվորի գինը լավ գիտեն, բոլորը սրտանց սեղան էին կիսում ու ուրախանում։

«Եղբայրներիցս ամենաշատը նրան էի կապված։ Տաղանդավոր հոգեառ էր․ զայրացնում էր ինձ ու զվարճանում։ Համառ էր, ինքնասածի։ Բոլորիս հանդեպ խիստ էր, հատկապես՝ իր սիրելի աղջկա, որի հետ ամուսնանալ էր պատրաստվում զորացրվելուց հետո»,- հիշում է Գալինան։

Բարձրահասակ էր, բասկետբոլով էր զբաղվում։ Ավարտական դասարանում էր, երբ իր դպրոցում շինարարություն սկսվեց։ Շենքի հիմքում այսօր Տիգրանի դրած քարերն են։

(շարունակելի)

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են հարազատները

Հ.Գ. Կարդացեք նաեւ՝

Վահե Մելիքյան

Տիգրան Վարդանյան

Դավիթ Համբարձումյան

Նարեկ Ասրյան եւ Ժորա Առաքելյան

Գոռ Ղարաջյան եւ Գեւորգ Մուրադյան