Սեպտեմբերի 24-ին եւ 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Լուսակերտ» ուսումնական բազայում անցկացվել է «Անօդաչու թռչող սարքերի շահագործում» դասընթացի երկրորդ փուլը, որին մասնակցել են Երեւանի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ հերթափոխերի կամ ճգնաժամային կառավարման կենտրոնների ղեկավար ծառայողներ, ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» անօդաչու թռչող սարքերի մասնագիտացված խմբի հրահանգիչ: Դասընթացը վարել են ՃԿՊԱ գիտատեխնիկական եւ զարգացման գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Հովհաննիսյանը, ռոբոտտեխնիկայի լաբորատորիայի վարիչ Վահագն Դավթյանը, ծրագրավորող Վարդան Սարգսյանը:

«Անօդաչու թռչող սարքերի շահագործում» դասընթաց առաջին անգամ անցկացվել էր 2021 թվականի հուլիսին:

Ինչպես եւ նախորդ դասընթացի ժամանակ, այս անգամ էլ եղել են դասախոսություններ, դաշտային աշխատանք, քննարկումներ: Ներկայացվել է ԱԹՍ-ների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ. ԱԹՍ-ների տարատեսակները, հնարավորությունները, շահագործման անվտանգության կանոնները, թռիչքի նախապատրաստման գործընթացը, թռիչքի կառավարման ծրագրային ապահովման հնարավորությունները, ծանուցումները եւ զգուշացումները եւ այլն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը դասընթացն անցած ութ մարզից յոթի փրկարարներին (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Շիրակ, Վայոց ձոր, Գեղարքունիք, Լոռի) մեկական ԱԹՍ է տրամադրել: Մինչ այս, ԱԹՍ արդեն ունեին Տավուշն ու Սյունիքը:

«Անօդաչու թռչող սարքերի շահագործում» դասընթացները դեռ էլի կկազմակերպվեն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ