Օգոստոսի 10-ին Եվրասիա միջազգային համալսարանում անցկացվեց մաս-ռեստլինգի առաջնություն, որի նպատակն էր բացահայտել նոր տաղանդների եւ վերակազմավորել ազգային հավաքականը նոյեմբերի վերջին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանն ընդառաջ:

Հայաստանի մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանի խոսքով՝ մրցմանը մասնակցում էր մոտ 50 հոգի: Օրվա բացահայտումը 43 կգ քաշ ունեցող երիտասարդ աղջիկ էր՝ Արփինեն, որը թեժ պայքարում հաղթող ճանաչվեց 55 կգ քաշային կարգում:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ, Գինեսի ու «Դյուցազնագրքի» ռեկորդակիր, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցն առաջատարն էր 70 կգ քաշային կարգում: Նրա սաները՝ Յուրի Իշխանովը, Ռուբեն Սաֆարյանը եւ Գոռ Սաքունցը, տարբեր քաշային կարգերում զբաղեցրին 3-րդ մրցանակային տեղը:

ՃԿՊԱ շրջանավարտ, Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական եւ ինժեներական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ ավագ ենթասպա Աշոտ Հովհաննիսյանը գրավեց առաջին հորիզոնականը 90 կգ քաշային կարգում:

Ֆեդերացիան նախատեսում է Աշխարհի գավաթի խաղարկությանը ներկայանալ մոտ 15 մասնակցով՝ 8 քաշային կարգում:

Մանրամասներին կանդրադառնանք:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արտավազդ Նալբանդյանը