Օգոստոսի 12-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկեցին 4 մասնագիտության գծով («Փրկարարական գործ», «Քաղաքացիական պաշտպանություն», «Ճգնաժամային կառավարում», «Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում») բակալավրի կրթական ծրագրի ընդունելության քննությունները: Մասնակցում էին մոտ 140 հոգի, այդ թվում՝ 3 դիմորդ Արցախից: Մինչ քննությունը հանդիպեցինք դիմորդների ու ծնողների հետ:

Քաշաթաղի շրջանից Երվանդ Թադեւոսյանի հայրը 18 տարի փրկարար ծառայությունում է: Որդին էլ որոշել է հոր գործը շարունակել: Նրա բնավորության շատ գծեր ունի՝ բնակչության հանդեպ սրտացավությունը, հոգատարությունը, նպատակասլացությունը: «Քաղաքացիական պաշտպանությունը փոքրուց ինձ հետաքրքրել է: Քաշաթաղի մեր դպրոցում խմբակներ կային, որոնցում ներգրավված էի: 44-օրա պատերազմից հետո կյանքի հանդեպ լրջացա, ավելի հայրենասեր դարձա, սկսեցի նոր նպատակներ դնել»,- ասում է 18-ամյա Երվանդը:

Ասյա Սողոմոնյանն ու Սամվել Վահանյանը ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտներ են: Ասյան խոստովանում է՝ մանկուց երազել էր փրկարար դառնալ: Ուսանողական կյանքը սիրով է հիշում՝ քննաշրջանից առաջ հուզմունքն ու անքուն գիշերները, ընկերների հետ վեճերն ու կատակները: Աղջիկը նաեւ ծրագրավորմամբ է հետաքրքրված, պատրաստվում է իր մասնագիտության հետ համատեղել: Սիսիանցի Սամվելի աչքի առջեւ հորեղբոր օրինակն է, որը երկար տարիներ ԱԻՆ համակարգում է աշխատում: Մի քանի ամսից տղան կզորակոչվի հայոց բանակ:

18-ամյա Լուսինե Գասպարյանն ակադեմիա է դիմել փրկարար քրոջ խորհրդով: Կատակում է՝այս կյանքում իրենց միակ նմանությունը մարդկանց օգնելու ցանկությունն է: Ուսանողական առօրյայից ակնկալիքները մեծ են:

21-ամյա Ռիմա Գեւորգյանը բուժքույր է. այս մասնագիտությամբ աշխատանք գտնել այդպես էլ չի հաջողվել, որոշել է այլ ոլորտում իր ուժերը փորձել: Կյանքի կարեւորագույն ընտրության վրա ազդել է մայրը, որն ԱԻՆ աշխատակից է:

Արայիկ Ավետյանն ու Արմեն Աղինյանը իրենց մաշկի վրա են զգացել պատերազմի ողջ ծանրությունը: Ծնունդով Վայքից Արայիկը ծառայել է Մարտուն- 3 զորամասում: Խոստովանում է՝ պատերազմից հետո հիմնովին փոխվել է իր վերաբերմունքը մարդու կյանքի հանդեպ: Այդուհետ մարդը նրա համար բարձրագույն արժեք է, եւ ամեն ոք պետք է դիմացինին փրկելու նվազագույն գիտելիք ունենա: «Պատերազմի ժամանակ առանձնապես առաջին օգնության հմտություններ չունեի, բայց կարողացա օգնել իմ վիրավոր ընկերներին: Այդ նույն պատճառով զորացրվելուց հետո որոշեցի այստեղ ավելի մասնագիտանալ»,- նշում է Արայիկը:

20-ամյա Արմենը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, երկար տարիներ «Ալաշկերտ» ակումբում է խաղացել: Երբ որոշ հանգամանքների բերումով անհնար դարձավ ֆուտբոլային կարիերան զարգացնելը, Արմենը դիմեց ակադեմիա: Թե որ բաժնում կգտնի իր անունը՝ քաղաքացիական պաշտպանությու ՞ն, թե ՞ ճգնաժամային կառավարում, ժամանակը ցույց կտա:

Դիմորդների թվում էր նաեւ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Արմեն Հակոբյանը, որը ծառայում է արդեն երեք տարի: Միշտ պետք է կատարելագործվել՝ նկատում է Արմենը: Առաջիկա նպատակը աշխատանքային առաջընթաց ունենալն է:

Զրուցեցինք նաեւ բակում հավաքված ծնողների հետ: Ծնունդով Բերդից Արեն Փառանդուզյանի մոր խոսքով՝ սահմանամերձ համայնքներում պահանջված է կա՛մ զինվորականի, կա՛մ փրկարարի աշխատանքը: Տղան արմֆայթինգ մարզաձեւի մեդալակիր է, շատ է սիրում ու կարեւորում սպորտը: Մայրը շուտով որդուն կճանապարհի հայոց բանակ: Ինչ խոսք, անհանգիստ է, սակայն զավակը պետք է ծառայի ու իր պարտքը կատարի հայրենիքի առջեւ:

Քրիստինե Հովհաննիսյանի հայրը՝ զինվորական Մակիչ Հովհաննիսյանը, ժպիտով նշում է՝ դուստրը միշտ սիրել է իր համազգեստը: Եվ բնավ զարմանալի չէր, որ ցանկություն հայտնեց նրա ուղիով գնալ: Հայրը զինվորական դառնալուն դեմ էր, աղջիկն էլ փրկարարությունն ընտրեց: Ծանրամարտի ու ձեռնամարտի բազմակի մրցանակակիր է Քրիստինեն, ինչպես հայրն է ասում՝ համառությամբ իրեն չի զիջում:

«Ես մասնակցել եմ Արցախյան առաջին, ապրիլյան քառօրա եւ 44-օրյա պատերազմներին: Աղջիկս տեսել է իմ կյանքը ու դարձել այդպիսին: Շատ կուզեի, որ պատերազմը վերջանար, որ մեր երեխաներն այլեւս չզգային այդ ծանրությունը: Մյուս կողմից՝ այսօրվա երեխեքը դիմացկուն են, ավելի հայրենասեր, հատկապես՝ աղջիկները: Հպարտանում եմ մեր աղջիկներով»,- ամփոփում է Մակիչ Հովհաննիսյանը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ