Տարիներ շարունակ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան համագործակցում է կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Մանկապետական հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի  հետ։ ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողները, ըստ ցանկության, ընդգրկվում են կենտրոնի պատանի  փրկարար խմբակներում, սովորում տուրիզմի տակտիկա, հմտություններ՝ ինչպես ապրել անտառում եւ վրանային պայմաններում, հոգալ քո եւ դիմացինի անվտանգության մասին, դիմակայել վտանգներին եւ այլն։

Հուլիսի 13-16-ը մոտ 10 ուսանողի հնարավորություն էր ընձեռնվել մասնակցել Ապարանի ջրամբարի մոտ ծավալված սպորտային վրանային ճամբարին։ Խմբի ղեկավարը ՃԿՊԱ դասախոս Վահագն Հովակիմյանն էր, ակադեմիայի կողմից համակարգողը՝ Տաթեւիկ Հովակիմյանը։

Տաթեւի խոսքով՝ նման ճամբարները շարունակական են լինելու, դրանք կրթական, բնապահպանական, ճանաչողական նպատակ ունեն։ Տեղանքի ընտրությունը եւ ժամանակահատվածը հաստատում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ «Ապարանի ջրամբարի շրջակա անտառն ամբողջովին ձեռքով է տնկված, եւ երեխաները գիտակցում էին դրա կարեւորությունը։ Ունեցանք քայլարշավ ջրամբարի հարակից տարածքում, ծանոթացանք տեղանքի խնդիրներին, մաքրեցինք եկեղեցու մատույցները։ Բարեբախտաբար արտակարգ դեպքեր չեղան, թեպետ ամբողջովին չոր խոտածածկ էր, եւ հրդեհի վտանգը մեծ էր»,- մանրամասնեց համակարգողը։

Չորսօրյա ճամբարի ժամանակ երեխաները կարողացել են կիրառել իրենց առաջին օգնության եւ պարանային գիտելիքները, բացահայտել նոր տաղանդների՝ պարողների, երգիչների, ասմունքողների։

ՃԿՊԱ Ստեփանավանի մասնաճյուղի ճամբարականներին կանդրադառնանք շուտով:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Տաթեւ Հովակիմյանը