Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻ նախարարի, նախարարության եւ բուհի ղեկավարության մասնակցությամբ, հանդիսավոր պայմաններում հանձնվեցին ՃԿՊԱ 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմները: Ակադեմիայի միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագիրն ավարտեց 234 ուսանող՝ 170 բակալավր (որից 23-ը՝ գերազանցությամբ), 64՝ միջին մասնագիտական (որից 13-ը՝ գերազանցությամբ): Միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտների կեսը ցանկություն ունի կրթությունը շարունակել ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրում:

Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցել են նաեւ ՃԿՊԱ 90 ուսանող, որոնցից 16-ը՝ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել: Դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը «Անվեհեր փրկարար» մեդալով պարգեւատրեց պատերազմի մասնակցած եւ վիրավորված շրջանավարտ Ալբերտ Շահոյանին: Ակադեմիայի մեկ այլ շրջանավարտ՝ ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը պարգեւատրվեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

Շնորհավորելով շրջանավարտներին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ասաց. «Ոչ միայն Հայաստաում, այլ նաեւ միջազգային տարբեր կառույցների մոտ բարձր հեղինակություն վայելող այս կրթահամալիրը 29 տարի տարի առաջ ճանապարհը սկսել է որպես կադրերի վերապատրաստման կառույց: Սիրելի շրջանավարտներ, ձեր ստացած գիտելիքներով եւ փորձով համալրելու են մեր շարքերը՝ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում: Շնորհավորում եմ ձեզ եւ վստահ եմ, որ շարունակելու եք սովորել եւ ավելացնել ձեր գիտելիքները, քաղաքացիական, պաշտպանության, բնակչության պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում: Թող անցնցում եւ խաղաղ լինի ձեր ճանապարհը, համոզված եմ, որ ձեր ստացած գիտելիքներով պիտանի եք լինելու մեր պետությանը եւ ժողովրդին»:

Շրջանավարտներին շնորհավորեց նաեւ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը: Ռեկտորը նկատեց, որ փրկարարը բարի է եւ ունենալու իր տեղը կյանքում: Ռեկտորն էլ, շրջանավարտներին հորդորեց շարունակել ուսումը, դառնալ ոլորտը զարգացնող գիտնական:

Մինչ օրս ակադեմիան տվել է ավելի քան 2215 շրջանավարտ, որոնցից 36-ն աշխատում է ակադեմիայում, այլոք՝ արտակարգ իրավիճակների, պաշտպանության

նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության տարբեր ստորաբաժանումներում:

Շրջանավարտները երդվեցին. «Ստանալով արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտի մասնագետի բարձր կոչումը եւ անցնելով փրկարարի համամարդկային գործունեության, երդվում եմ.

Բարեխղճորեն եւ պատասխանատվությամբ կատարել պարտականություններս,

Անշահախնդրորեն կազմակերպել տուժածների փրկման աշխատանքները՝ անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից, կրոնական դավանանքից,

Հնարավորինս ամեն ինչ անել աղետների կանխման եւ կանխարգելման համար,

Ամբողջ ուժով օժանդակել արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի զարգացմանը,

Պահպանել փրկարարի մասնագիտական ավանդույթը, բարոյական նկարագիրը եւ բարձր պատիվը,

Երդվում եմ ամբողջ կյանքում հավատարիմ մնալ այս երդմանը:

Երդվում եմ»:

Պատասխան շնորհակալական խոսքում շրջանավարտներից մեկն ասաց, որ փրկարարի համար առաջնային մարդկությանը ծառայելն է, ակադեմիայի դասախոսների հետ անցել են այդ նպատակին ծառայելու դպրոցը:

Իսկ ՃԿՊԱ-ում ընթացքի մեջ է 2021-2022 ուսումնական տարվա ընդունելությունը: Այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ