ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ «Մոդեստա» ընկերության՝ այս տարվա հունիսի 9-ին ստորագրված պայմանագրի համաձայն, ակադեմիայում անցկացվում է երեխա խնամողների 5-շաբաթյա «Գրագետ խնամող» վերապատրաստում: Առաջին փուլում վերապատրաստմանը մասնակցում է վեց հոգի՝ ապագա մայր, երիտասարդ մայր, տատիկ, երեխայի դայակ:

«Մոդեստա» ընկերության տնօրեն Հեղինե Հովհաննիսյանի խոսքով, վերապատրաստման ծրագիրը մշակել է մասնագիտական խումբը, որում ներառված էին բժիշկ, մանկական հոգեբան, լոգոպեդ, ՃԿՊԱ երկու փրկարար: Հենց այս մասնագետներն էլ կվերապատրաստեն երեխա խնամողներին:

Ծրագրի բժշկուհի Զարուհի Սարգսյանը նկատում է, որ մասնագիտական գործունեության 20 տարվա ընթացքում ծնողներից ստացած հարցերի վերլուծությունից պարզել է, որ երեխայի խնամքին վերաբերող մի շարք խնդիրների լուծման մեթոդները սխալ են, սխալն էլ ուղղվում է գործի ընթացքում: «Բայց երեխան այն էակն է, որի վրա չի կարելի փորձեր անել, երեխային ի սկզբանե պետք է գրագետ խնամել»,- ասաց Զարուհի Սարգսյանը: Հենց այս մտահոգությունից էլ ծնվել է «Գրագետ խնամող» վերապատրաստման ծրագիրը:

Նախկինում՝ տասնյակ տարիներ առաջ, մեր տատիկների կիրառած խնամքի մեթոդները, չեն համապատասխանում մեր ժամանակի ճիշտ եւ գրագետ խնամքի պահանջներին, փոխվել են ոչ միայն խնամքի նյութերը, այլեւ՝ ողջ շրջակա աշխարհը: Ուստի խնամքի նոր մեթոդներ են պետք, խնամողի նոր որակներ են պետք: «Դասընթացի նպատակը երեխայի զարգացումն է զրո տարեկանից մինչեւ դպրոց հաճախելը: Ծրագիրը ներառում է ոչ միայն գրագետ խնամքի թեմաներ, այլ նաեւ՝ սոցիալական զարգացում, հոգեբանական զարգացում, ճիշտ խոսք, խոսքի զարգացում եւ այլն: Չպետք է հարցը հասնի նրան, որ երեխայի զարգացման ուշացումներ լինեն ու դիմեք բժշկի եւ փորձենք լրացնել բացը», — տեղեկացրեց Զարուհի Սարգսյանը: «Գրագետ խնամող» վերապատրաստման ժամանակ խոսելու են նաեւ ընտանիքի հոգեբական ամբողջական պլանավորումից, ծննդաբերած մայրիկներին վերականգնողական շրջանում աջակցությունից. «մեզ պետք է առողջ զավակ, իսկ առողջ բալիկին պետք է կայացած մայր եւ առողջ ընտանիք»:

«Մոդեստա» ընկերության տնօրեն Հեղինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վերապատրաստումից հետո մասնագետի հետ կապը չի կտրվելու, վերապատրաստվածները կարող են իրենց հուզող հարցերով դիմել բժշկին, հոգեբանին, փրկարարին, լոգոպեդին:

«Գրագետ խնամող» ծրագրով հետաքրքրվողները շատ են, սեպտեմբերին կլինի երկրորդ փուլը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆ