Չերչիլն ասում էր. մանկավարժն այնպիսի իշխանություն ունի, որի մասին երկրի ղեկավարը կարող է միայն երազել: Այլ ասույթ էլ կա. լավ ուսուցիչները լավ աշակերտներ են ձեւավորվում: Այս երկուսի համադրությունից կստանանք հետեւյալ պարզ ու տրամաբանական եզրակացությունը. մանկավարժը մեծ ազդեցություն ունի սովորողների վրա եւ մանկավարժից է կախված սովորողի թե մարդկային, թե մասնագիտական որակների մակարդակը:

1992 թվականին ստեղծված «Արտակարգ իրավիճակներում գործելու համար մասնագետների վերապատրաստման ինստիտուտը» 2003 թվականին դարձավ բարձրագույն ուսումնական հաստատություն: Այսօր ՀՀ ԱԻՆ ՝ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մոտ 400 շրջանավարտ աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում, ավելի քան 90 շրջանավարտ՝ պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներում, 60 շրջանավարտ՝ ոստիկանությունում, 10 շրջանավարտ՝ ազգային անվտանգության ծառայությունում: Բազմաթիվ շրջանավարտներ էլ քաղաքացիական պաշտպանության կամ ռիսկի կառավարման պատասխանատուներ են պետական գերատեսչություններում եւ մասնավոր ընկերություններում: ՃԿՊԱ հեռակա համակարգում սովորում է պաշտպանության նախարարության եւ ոստիկանության 100 աշխատակից եւ ծառայող:

Սա նշանակում է, որ ՃԿՊԱ-ն որակյալ մասնագետների դարբնոց է: Հիշենք, որ մանկավարժն է պատասխանատու սովորողի մարդկային եւ մասնագիտական որակների համար ու կստացվի, որ մեր դասախոսական կազմի որակը թույլ է տալիս բարձրակարգ մասնագետ ստանալ: Ո՞վքեր են մեր դասախոսները: Կանանց միամսյակի առիթով ներկայացնում ենք մեր կին դասախոսներին: Հոդվածաշարի առաջին հերոսը ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ մայոր Սուսան Գեւորգյանն է:

Փրկարարի համազգեստով կին լինելը մեծ պատասխանատվություն է: Երբ հանկարծահաս իրավիճակում մարդիկ հույսով ու սպասումով հայացքներն ուղղում են դեպի քեզ, հասկանում ես, որ պետք է անել անհնարինը նրանց հուսախաբ չանելու համար։ Նկատել եմ, եթե ոմանք, փրկարարի համազգեստով ծառայող տեսնելով, ներքուստ հանգստանում են, որ ամեն բան լավ է լինելու։

Եթե չլինեի փրկարար․․․ դժվարանում եմ պատասխանել: Որոշ մասնագիտությունների նկատմամբ ունեմ հակումներ, բայց չգիտեմ՝ որը սրտիս ավելի հաճո կլիներ:

Ինքնակրթությունն ամեն մարդու համար շատ կարեւոր է: Պետք է միշտ դիմացինի համար հետաքրքիր լինես, փրկարարի պարագայում՝ առավել եւս։ Փրկարարը շատ մասնագիտությունների խաչմերուկում է գտնվում՝ բժիշկ, հոգեբան, ճարտարագետ, ուսուցիչ եւ այլն: Պետք է այս բոլոր ուղղություններով կատարելագործվել, որպեսզի կարողանաս օգնության ձեռք մեկնել։

Ուսանողությունը միշտ լավն է լինում ու նախորդներից առաջադեմ: Պետք է կարողանանք ուղղորդել նրա էներգիան, լավատեսությունը, նախաձեռնողականությունը դեպի գիտելիքի աշխարհ։ Նրանց տարիքին բնորոշ խառնվածքն ու աշխարհընկալումը երբեմն սերունդների բախում է ստեղծում, բայց, միեւնույն է, ոսկե երիտասարդություն է, մեր վաղվա օրը։ Ջանք ու եռանդ պիտի ներդնենք նրանց կրթելու ու դաստիարակելու գործում։

Մեր երկրում լավ կրթական համակարգ ունենալու համար պետք է սկսել ուսանող-դասախոս հարաբերություններից: Եթե կարողացար գիտելիք փոխանցել ուսանողին, կունենաս կիրթ հասարակություն․ դա այնքան էլ կապ չունի կրթական համակարգի բարեփոխումների հետ, ինչը մարդիկ ամեն քայլափոխի շահարկում են:

Երեխաներիցս սովորել եմ մտածել հետաքրքիր կերպով, կյանքին ավելի թեթեւ նայել, ուրախանալ փոքրիկ անակնկալներից։

Միաժամանակ մայր եւ փրկարար լինելը հետաքրքիր համադրություն է: Փրկարար լինելն օգնում է երեխայիդ մեջ ի սկզբանե պարզ վարքականոնի հմտություններ ձեւավորել։ Որպես ծառայող՝ շատ դժվարությունների ես հանդիպում, բայց դրանք միայն կին փրկարարները կհասկանան։

Երեխայի դաստիարակության ոսկե կանոնը՝ սիրել, սիրել ու սիրել։ Երբ երեխան սիրված է, ավելի կազմակերպված է դառնում, ամեն ինչ անում, որ հպարտանաս ու ուրախանաս իրենով։

Ամուսինս իմ մեջ բացահայտել է անհատի։ Մենք ժամանակին համընթաց անընդհատ փոխվում ենք ու զարգանում։ Ընտանիքում ամուսինները մշտապես պիտի բացահայտեն միմյանց, գտնեն նոր գծեր։

Ես կին եմ, որը հասկացել է, որ դեռ ոչինչ չգիտի։ Շատ բաներ ես արժեւորում կամ վերաարժեւորում, շատ իրավիճակներից՝ դաս քաղում, վերլուծում ու գնահատում։ Ապրում ես՝ հետեւություններ անելով։

Որքան էլ զբաղված լինեմ, միշտ ժամանակ եմ գտնում ընտանիքիս համար:

Կնոջ համար սանրվածքի փոփոխությունն ինքնարտահայտման մի ձեւ է՝ կապված զգացողությունների, փոփոխությունների, թրենդների հետ։ Ես հաճախ եմ փոխում սանրվածքս, վարսերիս գույնը․ դա ինձ նոր տրամադրություն եւ հույզեր է տալիս։

Կյանքիս ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է։ Երջանկություն է, երբ վայրկյան առաջ շտապում ես տուն, որ հանգստանաս սիրելիների հետ: Ու երբ ամեն ինչ իր տեղն է ընկնում, մտածում ես՝ ինչու էի այդքան կարեւորել անկարեւոր բաները։ Ընտանիքի սերն ու ջերմությունն են մեզ ապրեցնում է։

Սիրում եմ բնությունը, միայն բնության մեջ ես կարողանում գտնել կատարելություն։

Սիրում եմ աշխարհը՝ դրանում ապրող մարդկանցով ու բնությամբ։

Երազում եմ հաճախ, քանի որ երազանքից է ծնվում անհնարին թվացող իրականությունը։ Երազելով ես ներշնչվում ու մոտիվացվում։

Երբեք չեմ զղջում ոչ մի քայլիս համար։

Օրվա ամենասիրելի պահը երեկոն է, երբ վայելում եմ սիրելիիս ու երեխաներիս ներկայությունը։

Իմ ուժը ցանկացած իրավիճակում լավատեսությունն ու հավատը չկորցնելու մեջ է: Ես կարող եմ հիասթափվել, բայց ոչ՝ հուսալքվել։

Զրուցեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարը՝ Վահրամ  ԱՎՈՅԱՆԻ