Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ամփոփվեց «Խոչընդոտների հաղթահարում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով» գիտափորձնական աշխատանքի առաջին փուլը: Աշխատանքները սկսվել են այս տարվա հունվարին, իրականացվել է դաշտային չորս փորձ (Արզնիում, Ապարանում եւ Ստեփանավանում):

Փորձերի ժամանակ խաղարկվել են տարբեր սցենարներ. փոթորիկի ժամանակ վրանի տակ պատսպարված մարդու հայտնաբերումից մինչեւ տուժածի տեղափոխում գետի մի ափից մյուսը: Օգտագործվել է երկու տեսակի ԱԹՍ, տաս տեսակի պարան, փրկարարական աշխատանքներում օգտագործվող տարբեր պարանային հանգույցներ, պարանի ձգման տարբեր ձեւեր, գործիքներ, սարքեր: Այս ամենի արդյունքում որոշ եզրակացություններ արդեն արվել են. ԱԹՍ-ն հարմար է որոնողափրկարարական աշխատանքների համար գետանցման տեղ որոշելու դեպքում, մեծ ԱԹՍ-ով կարելի է գետի մի ափից մյուսը պարան տեղափոխել մենավոր ծառի առկայության դեպքում, ծառաշատ տարածքում մեծ ԱԹՍ-ն չի կարող աշխատել, փոքրն էլ չի կարող փրկարարական աշխատանքներում կիրառվող ծանր պարանը տանել, պետք է օժանդակ պարան, ամենահարմար օժանդակ պարանը՝ ձկնորսական թելն է:

ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի մասնագետները այս արդյունքների հիման վրա հաշվարկներ կանեն, որոշելու համար որոնողափրկարարական աշխատանքներում ԱԹՍ-ների կիրառման ճիշտ տարբերակը կախված գետի լայնությունից, ձորի խորությունից, տեղափոխվող տուժածի քաշից եւ այլն:

«Խոչընդոտների հաղթահարում ԱԹՍ-ների միջոցով» փորձերը շարունակվելու են: Չի բացառվում, որ ակադեմիայի կրթական ծրագրերում ավելացվի «ԱԹՍ-ների օպերատորների ուսուցում» բաղադրիչ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ