2019 թվականի դեկտեմբերին Երեւանում կնքված համագործակցության համաձայնագրով,  Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» եւ Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիան» պարտավորվեցին մեկտեղել ջանքերը քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման ոլորտների համար բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու հարցում:

2020 թվականի ապրիլ-նոյեմբեր հատվածում, այս համագործակցության շրջանակում իրականացվեց «Գիտամանկավարժական կադրերի վերապատրաստում քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներից պաշտպանության ոլորտներում» վերապատրաստման 464 ժամանոց, առցանց ծրագիրը, որին մասնակցեց ՃԿՊԱ 5 մասնագետ: Կազմակերպչական աշխատանքների պատասխանատուն Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն» էր: Այսօր ՃԿՊԱ-ում վերապատրաստվածների դիպլոմները հանձնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, փոխնախարար Արկադի Բալյանը, «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» տնօրեն Յուրի Պոլեշչուկը: Թե հայկական, թե ռուսական կողմերը վստահ են, որ համագործակցությունը կշարունակվի եւ օգտակար ու դրական արդյունքներ կգրանցի:

Շարունակություն արդեն կա: Այս տարվա՝ 2021 թվականի, փետրվար-հուլիս հատվածում անցկացվելու է ՃԿՊԱ հինգ այլ դասախոսի համանման, դարձյալ առցանց, վերապատրաստումը: 464-ժամանոց վերապատրաստման երկրորդ ծրագրում ընդգրկված են ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի փրկարարական պատրաստության ցիլկի պետ, փ/ծ մայոր Արմեն Ներսիսյանը, ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոս Արայիկ Գասպարյանը, ավագ մեթոդիստ Հասմիկ Հարությունյանը, քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոսներ Անի Տերտերյանը, Վարդան Հայրապետյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ