Դեռեւս 2019 թվականի դեկտեմբերին Երեւանում համագործակցության համաձայնագիր ստորագրեցին  Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» եւ Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիան»: Համաձայնագրով սահմանված նպատակներից մեկն էլ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման ոլորտների համար բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու հարցում ջանքերի մեկտեղումն է:

2020 թվականի ապրիլին սկսվեց վերապատրաստման առաջին՝ «Գիտամանկավարժական կադրերի վերապատրաստում քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներից պաշտպանության ոլորտներում» ծրագիրը, որին մասնակցում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի չորս դասախոս՝ փ/ծ կապիտան Հովսեփ Բադալյան, ավագ լեյտենանտ Անդրանիկ Խաչատրյան, լեյտենանտ Վահագն Հովակիմյան, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտավազդ Հովհաննիսյան: Կորոնավիրուսով պայմանավորված վերապատրաստման դասերն անցկացվում էին հեռավար: Քննարկվել են բազմաթիվ թեմաներ. արտակարգ իրավիճակներին արագ, օպերատիվ արձագանքման եւ ուժերի կառավարման հիմունքներ, աղետների հետեւանքների վերացման ուժերի ղեկավարի գործողությունները, արտակարգ իրավիճակների կանխարգելման աշխատանքները քաղաքացիական պաշտպանության մարմիններում, այլ պետություններում մարդասիրական առաքելություն իրականացնող ուժերի իրավունքներն ու պարտականությունները եւ այլն:

Նոյեմբերի 12-ին կազմակերպվել էր դասընթացի վերջին տեսակապը: 464 ակադեմիական ժամ տեւողությամբ ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ:

Շուտով Հայաստան կհասնեն վերապատրաստման մասին վկայող դիպլոմները: