Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Երեւանում համագործակցության համաձայնագիր ստորագրեցին Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան (ռեկտոր՝ փրկարար ծառայության գեներալ մայոր Համլետ Մաթեւոսյան) եւ Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիան» (պետ՝ փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պանչենկով):

Ռուսաստանցի հյուրերը հանդիպեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին:

Ֆելիքս Ցոլակյանը վստահ է, որ հայկական եւ ռուսական բուհերի համագործակցությունը արգասաբեր կլինի, Վրեժ Գաբրիելյանի խոսքով, Հայաստանում կարեւորում են փրկարարների կրթությունը, որակավորման բարձրացումն ու վերապատրաստումը, Վիկտոր Պանչենկովը պատրաստակամություն հայտնեց համագործակցել բոլոր ուղղություններով: Կողմերը համակարծիք էին, որ փրկարարների կրթության եւ որակավորման բարձրացման ծրագրերում առավել մեծ տեղ պետք է հաստկացվի դաշտային պարապմունքներին ու գործնական վարժանքներին:

Այսօր կնքված համաձայնագրով սահմանված է համագործակցության երեք նպատակ. քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման ոլորտների համար բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու հարցում ջանքերի մեկտեղում, կրթական եւ գիտահետազոտական աշխատանքների որակի բարձրացում, արտակարգ իրավիճակների արձագանքման պետական լիազոր մարմինների աշխատանքներում գիտական հետազոտությունների արդյունքների ներդրում: Այս ամենը կարվի փորձի փոխանակման, մասնագետների փոխայցերի եւ այլ ձեւերով:

Թեեւ բուհերի միջեւ համագործակցության համաձայնագիրը կնքվեց այսօր, Հայաստանի եւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների միջեւ համագործակցության շրջանակներում, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարները սովորել են Ռուսաստանի «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում»: Օրինակ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը 1998-2001 հատվածում սովորել է նշված ակադեմիայի օտարերկրյա մասնագետների պատրաստման ֆակուլտետում: Այսօր էլ Ռուսաստանի «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում» սովորում է Հայաստանի երկու ներկայացուցիչ:Իսկ Հայաստանում «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» բացումից հետո՝ 2016 թվականից, կենտրոնի վերապատրաստման ծրագրերով, «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում» որակավորման բարձրացման դասընթացների են մասնակցել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տասնյակ ծառայողներ:

Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» եւ Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» հաջող համագործակցության հիմքը բազմաթիվ ընդհանրություններն են. երկու բուհն էլ աշխատում են երեք հիմնական ուղղությամբ՝ փրկարարների, համայնքային եւ պետական կառույցների պատասխանատու աշխատողների վերապատրաստում, բարձրագույն կրթություն, գիտահետազոտական աշխատանքներ, երկու բուհն էլ գիտական հանդեսներ են հրատարակում:

Համաձայնագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով եւ կարող է երկարաձգվել:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ