Այսօր՝ 2021 թվականի հունվարի 29-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՃԿՊԱ խորհրդի նիստը, որի ժամանակ ամփոփվեց 2020 թվականին արվածն ու որոշվեցին 2021 թվականի աշխատանքի հիմնական ուղղությունները: Նիստին ներկա էր ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Զեկուցողը, ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն էր:

2020 թվականին ակադեմիան աշխատել է հետեւյալ հիմնական ուղղություններով՝ ղեկավար կազմի եւ մասնագետների վերապատրաստում, որակավորման բարձրացում, հրշեջ-փրկարարների վերապատրաստում, որակավորման բարձրացում, բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստում, բնակչության ուսուցում, գիտահետազոտական աշխատանքներ, ուսումնամեթոդական աշխատանքներ, մշակութային դաստիարակության աշխատանքներ, միջազգային համագործակցություն:

2020 թվականին ակադեմիա է ընդունվել 367 դիմորդ (90-ը՝ միջին մասնագիտական, 75-ը՝ բակալավրի, 154-ը՝ մագիստրոսի, 1-ը՝ հետբուհական մասնագիտական ծրագրով): Այս պահին ակադեմիան ունի 1239 ուսանող:

2020 թվականին ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետում, նախատեսված 2000 փոխարեն, վերապատրաստվել է 2665 ունկնդիր՝ պետական կառավարման հանրապետական մարմիններից՝ 784 ունկնդիր, տեղական ինքնակառավարման մարմիններից՝ 1209 ունկնդիր, բանկերից՝ 591 ունկնդիր, այլ կազմակերպություններից` 81 ունկնդիր: Իսկ փրկարարական ֆակուլտետում վերապատրաստվել է 2984 փրկարար, որից 2830-ը՝ մասնակցել է արտապլանային դասընթացների:

Բացի սրանից, ռազմական դրությամբ պայմանավորված ակադեմիայի մասնագետները «Առաջին օգնություն» թեմայով վերապատրաստում են անցկացրել 2798 ունկնդրի համար՝ ԲՈՒՀ-երի ուսանողներ, դասախոսներ, վարչական աշխատակիցներ եւ այլք:

Բնակչության ուսուցման հարթությունում. հանրապետական սփռում ունեցող հեռուստա եւ ռադիոընկերությունների եթերներում, ներկայացվել է 9 մասնագիտական հաղորդում՝ կորոնավիրուսի, արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության եւ այլ հարցերով: Նյութեր են հրապարակվել նաեւ լրատվական կայքերում:

Ակադեմիան շարունակել է հրատարակել «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական հանդեսը, այլ գրքեր, ակադեմիայի մասնագետները մասնակցել են միջազգային եւ տեղական գիտական, գիտագործնական խորհրդակցությունների, խորհրդաժողովների, աշխատաժողովների, վերապատրաստման դասընթացների: Ակադեմիան չորս տարով պետական հավատարմագրում է ստացել: 

2021 թվականի հիմնական անելիքներն են. անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) եւ ռոբոտաշինական լաբարատորիայի ստեղծում, նոր մասնագիտությունների ներդրում մագիստրոսական եւ ասպիրանտական մակարդակում, ակադեմիայի համագործակցության ընդլայնում օտարերկրյա կազմակերպությունների հետ, հատկապես պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների եւ ուսանողների փոխանակման ծրագրերի ուղղությամբ, դիմորդների մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպում սկսած հունվար ամսից՝ ընդգրկելով նաեւ հանրապետության հեռավոր մարզերը եւ յուրաքանչյուր տարվա մարտ-մայիս ամիսներին իրականացնել «Բաց դռների» օրեր, համագործակության ակտիվացում հայաստանյան բուհերի, առավելապես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հետ, առցանց հարթակում միջազգային գիտաժողովիների, վերապատրաստումների, սեմինարների ու կլոր սեղանների կազմակերպում, ակադեմիայում «Պատանի փրկարար» վարժարանի հիմնադրում եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ