ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սան, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցն ու նրա եղբայրը՝ Արթուրը, Արմավիր քաղաքի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում հունվարի 28-ին սահմանեցին նոր ռեկորդներ։

«Սա մեր նվերն է Արցախյան երկրորդ պատերազմի բոլոր մասնակիցներին։ Եղբայրս էլ շուտով զինվոր է դառնալու եւ իր հմտություններով շենացնելու մեր բանակը։ Պետք է բարձրացնել մեր ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, լցվել լավատեսությամբ, հզորանալ»,- նշեց Յուրին։

Յուրին, եղբորն ուսերին նստեցրած, ճկույթ մատով 4,5 մետր տեղաշարժեց 6 տոննա կշռող զինվորական մեքենան։ Արթուրը 3 մետր քարշ տվեց նույն մեքենան՝ ատամներով բռնած ճոպանն ու դրանից կախված 5 կգ-անոց կշռաքարը։

Ռեկորդները գրանցվել են եւ կուղարկվեն Գինեսի ռեկորդների գնահատող հանձնաժողով։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Յուրի Սաքունցը