Փետրվարի 18-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Խորհրդի նիստում քննարկվեցին 2019 եւ 2020 թվականներին ակադեմիայի գործունեության առաջնահերթությունները, ֆինանսական ծախսերը:

Ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի խոսքով՝ նախորդ տարին բավական արդյունավետ էր. աշխատանքներ են տարվել ղեկավար կազմի եւ մասնագետների, հրշեջ-փրկարարների վերապատրաստման եւ որակավորման բարձրացման, բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստման, բնակչության ուսուցման, միջազգային համագործակցության ընդլայնման, գիտամեթոդական եւ մշակութային դաստիարակության ուղղությամբ:

2019 թվականին ակադեմիայում վերապատրաստման եւ որակավորման բարձրացման դասընթաց է անցել 2206 ունկնդիր 87 ուսումնական խմբում (ըստ պլանի՝ 2000 ունկնդիր  83 խմբում): Բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ՃԿՊԱ-ն սկսել է համագործակցություն Հանրային հեռուստաալիքի եւ Հանրային ռադիոյի հետ՝ մասնագիտական հաղորդաշարի շրջանակում ներկայացնելով արտակարգ իրավիճակ առաջացնող Հայաստանին սպառնացող վտանգները, արտակարգ իրավիճակներից պաշտպանության հարցերով տարբեր զանգվածային լրատվամիջոցներով հնչել են ելույթներ, ստեղծվել է էլեկտրոնային հարթակ՝ «Դիմակայունություն» գրադարանը:

2019 թվականին հրատարակվել է «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական հանդեսի 2 համար,  շուրջ 30 ուսումնական եւ ուսումնամեթոդական աշխատանք, «Ճգնաժամ հաղթահարողները» ուսանողական թերթը: Տրվել է կարծիք 5 գիտական աշխատանքի վերաբերյալ: Մշակվել են կարգեր, կանոնակարգեր, ընթացակարգեր եւ այլ փաստաթղթեր կրթության զարգացման եւ որակի ապահովման ուղղությամբ: Ներկայացվել է շուրջ 40 զեկույց միջազգային գիտական, գիտագործնական խորհրդակցություններում եւ խորհրդաժողովներում: Իրականացվել է ինստիտուցիոնալ հավատարմագրման գնահատում՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խմբի կողմից: ՀՀ բարձագույն որակավորման կոմիտեն թույլատրել է ակադեմիայի հաստատելու ատենախո­սու­թյան թեմա «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ:

Առաջին անգամ ակադեմիան իրականացրել է հետբուհական կրթական ծրագրով ընդունելություն, սկսել նոր համագործակցություն երեք բուհի հետ: Գիտական եւ փորձարարական մեծ աշխատանքներ են տարվել անօդաչու թռչող սարքերի ոլորտում, ձեռք է բերվել անօդաչու թռչող սարք։ Ներկայումս փորձ է արվում գիտականորեն հիմնավորել ԱԹՍ-ների կիրառումը մեր ոլորտում, աշխատանքներ են տարվում երկրատեղեկատվական (GIS) քարտեզագրման ուղղությամբ: 2020 թվականին ՃԿՊԱ-ն ձեռք կբերի ԱԹՍ մոդելավորման համար նախատեսված 3D տպիչ, կստեղծվի հետազոտական լաբորատորիա:

Ուսումնական բազայի զարգացման նպատակով ՃԿՊԱ-ն առաջարկ է հղել ԱԻ նախարարությանը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի վարժահրապարակներից մեկի տարածքն ակադեմիային տրամադրելու համար: Դիտարկվում է  նաեւ «Նաիրիտ» գործարանի տարածքը:

Հանդիպման ավարտին Խորհրդի կազմը հաստատեց այս տարվա համար պլանավորված բյուջեն եւ ակադեմիայի՝ 2020-2024 թվականների զարգացման ռազմավարական ծրագիրը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ