Փետրվարի 14-ին կայացավ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհրդի ընդլայնված նիստը։ Առանցքային հարցերից մեկն ակադեմիայի՝ 2020-2024 թվականների զարգացման ռազմավարական ծրագիրն էր, որը ներկայացվելու է Խորհրդի քննարկմանն ու հաստատմանը։

Ռեկտոր, փ/ծ գեներալ–մայոր Համլետ Մաթեւոսյանի խոսքով՝ բուհը դրական արդյունքներով անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրման առաջին փուլը։ Առաջիկա անելիքները պետք է ուղղած լինեն կայուն զարգացման ապահովմանը։ Նրա վստահեցմամբ՝ ակադեմիան այս տարվա ընթացքում ուսումնագիտական կենտրոնից վերածվելու է ուսումնագիտական համալիրի։

«Ամբողջ տարածաշրջանում մենք միակ բուհն ենք, որ կարող է արտակարգ իրավիճակների ոլորտում ուսուցում իրականացնել։ Տնտեսագետները կփաստեն՝ աշխարհում մեր նման բուհերում դասավանդվում է «Հակաճգնաժամային կառավարում»  առարկան,  իսկ մեզ մոտ՝ «Ճգնաժամային կառավարում»․ մեր մոտեցումն ուրիշ է։ Պետք է գնահատենք մեր ծրագրերը․ ակադեմիայի զարգացման գլխավոր տեսլականը պետք է լինի գիտակրթական ուղղածությունը՝  արտակարգ իրավիճակների եւ պատերազմների ժամանակ  բնակչության պաշտպանության ոլորտներում»,- մանրամասնեց ռեկտորը։

Մտաբերելով ֆրանսիական մի կազմակերպության հետ համատեղ «Կոնյակի գործարանի» տարհանման պլանի փորձարկումը՝ Համլետ Մաթեւոսյանը հավելեց, որ տարհանման ֆրանսիական մոդելը հիմնված է բազմակողմանի գիտական ուսումնասիրության վրա։ Ակադեմիան պատրաստվում է տեղայնացնել այն, իսկ հետագայում առաջարկել այն կիրառել Հայաստանի արտադրական վտանգավոր օբյեկտներում։

Անդրադարձ եղավ նաեւ բուհում ուսանողակենտրոն միջավայրի ստեղծմանը։ ՃԿՊԱ-ն տարեցտարի բարելավվում է պայմանները՝ գործարկել է էլեկտրոնային գրադարան, արտալսարանային այցերի նպատակով ձեռք է բերվել  ավտոբուս, ուսանողներն ակտիվ ներգրավվում են միջոցառումներին եւ քննարկումներին։ Ներկայումս ակադեմիան մասնագետներ է պատրաստում չորս կրթական ծրագրով, իսկ օրերս Արտակարգ  իրավիճակների նախարարությունը դիմել է Կրթության , գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ ակադեմիայում վարժարան բացելու առաջարկով։ Քայլեր են ձեռնարկվում նաեւ հետբուհական կրթական ծրագրում եւս երկու մասնագիտություն ներդնելու ուղղությամբ։

Ընդլայնվել են ՃԿՊԱ-ի միջազգային կապերը։ Ֆրանսիական ասոցիացիաներից մեկի հետ համագործակցության շրջանակում այս տարի ակադեմիային կտրամադրվի շտապօգնության մեքենա՝ բոլոր սարքավորումներով։

Այս տարի նախատեսվում են գիտագործնական սեմինարներ հետեւյալ թեմաներով՝ «Բնակչության պաշտպանության բնագավառում տեղեկատվական բազաների ձեւավորման հիմնահարցերը», «Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն», «Փրկարարական աշխատանքներում ռոբոտատեխնիկայի կիրառման համաշխարհային փորձը», «Կենսաբանական վտանգներ», «Կլիմայի գլոբալ փոփոխության հիմնախնդիրները»  եւ այլն։

ՃԿՊԱ ուսումնական գծով պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը, անդրադառնալով ապրիլին կայանալիք «Աղետների հոգեբանություն» խորագրով միջազգային գիտաժողովին, ասաց, որ արդեն իսկ հայտեր են ստացվել Ռուսաստանի Դաշնությունից, Ճապոնիայից, Կոլումբիայում եւ Միացյալ Նահանգներում գործող հասարակական կազմակերպություններից։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ