ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, սեպտեմբերի 16-27-ը՝ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում վերապատրաստվում են ջրափրկարարները: Ընդհանուր 15 հոգի՝ Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի հատուկ ջրափրկարարական, հրշեջ-փրկարարական ջոկատներից, ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից:

Վերապատրաստման դասընթացները վարում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական ցիլկի պետ Արտակ Էլմասակյանը: Դասընթացի տեւողությունը 80 ժամ է, որից 36-ը՝ տեսական, 44-ը՝ գործնական: Թեմաներն են. «Ջրասուզական գործ՝ նպատակը, առաջադրանքները, ընդհանուր հիմունքները», «Ջրի օդի հիմնական հատկությունները: Ականջի, քթի լրացուցիչ խոռոչների ճնշավնասք», «Լողի, ստորջրյա լողի, կիրառական փրկարարական լողի, ջրասուզական ստորջրյա ու վերջրյա հորիզոնական լողանցման տարբերակները», «Ջրասուզական գույք հանդերձանքի դասակարգումը, տեսակները», «Ջրասուզական շնչասարքեր», «Ջրասուզական դիմակնոց, լողաթաթեր, շնչախողովակ, ծանրագոտի, ստորջրյա ժամացույց, խորաչափ, ստորջրյա լապտեր, ջրասուզական դանակ, ջրասուզական ստորջրյա համակարգիչ», «Հնարավոր ջրասուզական մասնագիտական հիվանդությունները, դրանց կանխումը եւ առաջին օգնությունը դրանց առաջացման դեպքում», «Թիավոր նավակի թիավարում: Ստորջրյա որոնողական աշխատանքների ժամանակ ջրասուզակի ուղղորդում թիավոր լողամիջոցներով», «Անվտանգության ապահովվումը, գործնական ջրասուզական պարապմունքների եւ աշխատանքների ժամանակ», «Գործնական սուզումներ հրահանգչի հետ, հսկում, առաջնորդում», «Ինքնուրույն սուզումներ, ուսուցվողները զույգերով» եւ այլն: