Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորատի նիստ, որի ժամանակ քննարկվել են ակադեմիայի 2020-2024 թվականների զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի մշակման ընթացքը, մասնագիտությունների չափորոշիչները:

ՃԿՊԱ ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները նշել են, որ ամեն մեկը իր հատվածը մշակել եւ ուղարկել է գործընկերների քննարկմանը: Հոկտեմբերի 10-ին նախագիծը պատրաստ կլինի, մեծ խորհրդի հաստատմանը կներկայացվի 2020-ի հունվար-փետրվարին:

ՃԿՊԱ մասնագիտությունների չափորոշիչները պետք է հաստատի ԱԻ նախարարությունը: Ակադեմիան այս ամիս հաստատման կներկայացնի բակալավրի կրթական ծրագրերի մասնագիտությունների չափորոշիչները, իսկ հոկտեմբերին՝ մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտությունների չափորոշիչները:

Նոյեմբերի 12-14-ը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվելիք «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողովին ընդառաջ ՃԿՊԱ-ն հրավեր է ուղարկել Հայաստանում եւ Հայաստանից դուրս գործող բուհերի, արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբնաժանումների, ՃԿՊԱ «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսի գիտական խորհրդի անդամներին: Արդեն հայտնի է, որ համաժողովին մասնակցելու է ճապոնացի փորձագետ Քոիչի Շիվակուն: