ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի հրամանով, «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսը հերթական անգամ ներառվել է «Ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների» ցուցակում: «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսը հրատարակում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան՝ 2010 թվականից:

2010 թվականից հրատարակվում էր ժողովածուի տարեկան մեկ-երկու համար: Ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, 2019 թվականից մշտապես հրատարակվում է տարեկան երկու համար: ՃԿՊԱ նախաձեռնությամբ, 2019 թվականի նոյեմբերին անցկացվեց «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր», իսկ 2020 թվականի ապրիլին՝ «Աղետների հոգեբանություն» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովներին մասնակցեցից նաեւ այլ երկրների գիտնականներ՝ Արցախ, Ճապոնիա, Ռուսաստան եւ այլն: Երկու դեպքում էլ, «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» ժողովածուի հատուկ համարներով հրատարակվեցին գիտաժողովներում ներկայացված զեկույցները:

Հանդեսի գլխավոր խմբագիրը ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն է, խմբագրի տեղակալը՝ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը, պատասխանատու քարտուղարը՝ ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու Վահագն Կրբեկյանը:

Մինչ օրս «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսում հրատարակվել է ավելի քան 400 հոդված, որի 70 տոկոսը՝ ակադեմիայի մասնագետների հեղինակած: Եղել են Հայաստանի այլ բուհերից եւ այլ պետություններից ուղարկված հոդվածներ: «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսը չի վաճառվում, տրամադրվում է գրադարաններին, ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների՝ այդ թվում՝ փրկարար ծառայության մարզային կառույցներին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ