Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը օգոստոսի 18-ին սահմանեց երեք նոր ռեկորդ՝  շշին հենված ափսեների վրա 10 անգամ կատարելով հենում-ծալում վարժություն,  նույնկերպ 11 անգամ՝ 3 շշի վրա, ինչպես նաեւ ձեռքերը մեջքի հետեւում պահած՝ պատռեց տուփով խաղաքարտեր։ Ի դեպ՝ առաջին երկու ռեկորդների արդյունքով հայ մարզիկը գրեթե հինգ անգամ գերազանցեց օտարերկրյա ռեկորդակիրներին։

Խոստովանում է՝ երեք ամիս տեւած նախապատրաստական մարզումների ժամանակ վնասվածքներ է ստացել, քանի որ այս վարժություններն առավելագույն հավասարակշռություն են պահանջում։

Երիտասարդն իր ռեկորդները նվիրեց ազատամարտիկներին եւ ֆիդայիներին՝ հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի գլխավորությամբ, Տավուշյան հերոսամարտում կռված եւ զոհված տղաներին, իր երկու եղբայրներին։

«Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ես տեսել եմ՝ ինչպես են մեր ազատամարտիկները կանգնում զինվորի կողքին, զգացել եմ նրանց զորությունը։ Նրանց պատերազմական անցյալն ու փորձը պետք է գնահատել։  Ինձ համար ռազմահայրենասիրական դաստիարակությունը շատ կարեւոր է․ մենք ապրում ենք պատերազմի ու խաղաղության սահմանին եւ պետք է գիտակցենք, որ մի օր բոլորս մեկնելու ենք առաջնագիծ՝ պաշտպանելու մեր ժողովրդին»,- նշում է Յուրին։

Միջոցառման կազմակերպմանն աջակցել էր «Ֆիդայիներ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը։ Կոմանդոսի կողմից մարզիկը պարգեւատրվեց մեդալով։

Նոր ռեկորդները կներկայացվեն Գինեսի գրքի հանձնաժողով։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Յուրի Սաքունցը

Մշակումը՝  Քրիստինե Առաքելյանի