ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ամփոփվել է միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության արդյունքը: ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 958-Ն «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշման համաձայն, ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրին հատկացվել էր 90 անվճար տեղ երեք մասնագիտության համար՝ «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում», «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն»: ՃԿՊԱ-ն ստացել էր 128 դիմում, ինչը խոսում է ՃԿՊԱ մատուցած կրթական ծրագրերի բարձր որակի, պահանջվածության եւ գրավչության մասին:

Ըստ կառավարության հաստատած Հայաստանի նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի, անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի եւ տվյալ մասնագիտության համար կարգի ցանկով ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը: Փաստաթղթերի ընդունումը սկսվել էր հունիսի մեկից: Օգոստոսի 15-ի դրությամբ, ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի բոլոր 90 տեղերն էլ համալրվել են մեկ փուլով: Թափուր տեղեր չեն եղել եւ հետեւաբար ընդունելության երկրորդ փուլի կարիք չի եղել: 31 աղջիկ եւ 59 տղա բռնել են փրկարար դառնալու պատվաբեր ուղին: Ուշագրավ է, որ «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությունների գծով լավագույն արդյունքներ ունեն աղջիկները: