Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական, փորձագիտական, հրատարակչական աշխատանքների եւ ուսումնառության իրականացմանը՝ բարձրագույն, միջին ու հետբուհական մասնագիտական մակարդակներում:

Ակադեմիայի 2014-2019 թվականների զարգացման ռազմավարական ծրագրի վերլուծությունը հնարավորություն տվեց հստակեցնել բուհի առաքելությունն ու նպատակները, հզորացնել մարդկային ու մասնագիտական ռեսուրսները, բարելավել նյութատեխնիկական հագեցվածությունը, ակտիվացնել արտաքին կապերը, զարգացնել ուսանողակենտրոն կրթական քաղաքականության հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ ձեւավորել առաքելությանը համապատասխան գիտահետազոտական գործունեության համար անհրաժեշտ հարթակ եւ այլն, որոնք եւս ներառված են 2020-2024 թվականների զարգացման ռազմավարական ծրագրի համապատասխան նպատակներում: 

Չնայած COVID-19 նոր կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով Հայաստանում ստեղծված արտակարգ դրությանը՝ ակադեմիան, այդուհանդերձ, շարունակում է իրականացնել նախատեսված աշխատանքները ռազմավարական ծրագրի պլան-ժամանակացույցին համապատասխան:

2020-2024 թվականների զարգացման ռազմավարական ծրագրի հիմնական նպատակներն են՝

  • Ընդունելության բազմազանեցում եւ ուսանողների կազմի ընդլայնում

Նախատեսվում է oպտիմալացնել ընդունելությունը՝ համապատասխանեցնելով մեր երկրի զարգացման կարիքներին, հանրության եւ աշխատաշուկայի պահանջներին, ընդլայնել օտարերկրյա ուսանողների համակազմը, կազմակերպել ամենամյա «Բաց դռների օրեր» եւ ճանաչողական այցեր ավագ դպրոցների աշակերտների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների համար, իրականացնել մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ հանրապետության բոլոր մարզերում եւ Արցախի հանրապետությունում, ընդլայնել եւ ամրապնդել համագործակցությունը եվրոպական եւ անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) առաջատար բուհերի հետ’ համատեղ կրթական ծրագրերի ստեղծման եւ որակավորման աստիճանների համատեղ շնորհման ուղղությամբ եւ այլն։

  • Որակյալ կրթության շարունակական բարելավման ապահովում

Նախատեսվում է վերանայել հետբուհական, մագիստրոսի, բակալավրի եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի կառուցվածքը եւ բովանդակությունը կարգավորող փաստաթղթերն առկա, հեռակա եւ հեռավար ուսուցման համակարգերի համար, վերանայել արտադրական պրակտիկաների իրականացման ծրագրերը, իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման աշխատանքներ հեռավար ուսուցման ներդրման նպատակով, բարելավվել, ներդնել նոր կրթական ծրագրեր, խրախուսել ուսուցման ժամանակակից մեթոդների եւ տեխնոլոգիաների ներդրումը եւ այլն։

  • Գիտական մտքի կայուն զարգացում, արդիական հետազոտություն եւ նորարարություն

Նախատեսվում է իրականացնել հետազոտական գործունեության գնահատում՝ առաջնորդվելով գիտական հրատարակումներով, դրանց վրա կատարված հղումներով եւ այլ ընդունված ցուցանիշներով ստեղծել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) լաբորատորիա եւ կատարել գիտահետազոտական աշխատանքներ վտանգների, ռիսկերի եւ խոցելիության գնահատման, կանխարգելման, դիմակայման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արձագանքման վերաբերյալ, կազմակերպել միջազգային գիտաժողովներ, ուսանողների գիտական ներուժը զարգացնելու համար կազմակերպել գիտաժողովներ, ցուցահանդեսներ, թեմատիկ դասընթացներ եւ այլ միջոցառումներ, կազմակերպել ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների եւ ուսանողների համար օտար լեզուների իմացության բարելավմանն ուղղված վերապատրաստումներ:

  • Մարդկային ռեսուրսներ

Նախատեսվում է ներդնել պրոֆեսորադասախոսական որակավորման բարձրացման գիտակրթական հնգամյա ծրագիր, ներդնել սոցիալական աջակցության ծրագրեր եւ այլն։ 

  • Որակյալ ենթակառուցվածքներ

Նախատեսվում է կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան տեխնիկապես վերազինել առկա լսարաններն ու լաբորատորիաները, «Լուսակերտ» ուսումնագործնական վարժահրապարակը, ձեւավորել եւ կահավորել գիտահետազոտական նոր լաբորատորիա, ավարտին հասցնել ծխապատ տարածքի լաբորատորիայի ստեղծման, տարաբնույթ խոչընդոտների հաղթահարման վարժահրապարակների, սպորտային հրապարակի ձեւավորման եւ բարելավման աշխատանքները, կատարելագործել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի մոդելով կաբինետի հնարավորությունները, մշակել գրադարանի զարգացման ծրագիր եւ այլն։

  • Որակյալ ծառայություններ

Նախատեսվում է մշակել կիրառական սպորտի զարգացման համալիր ծրագիր՝ ապահովելով աշխատողների եւ ուսանողների առավելագույն ներգրավվածությունը մարզական միջոցառումներում, բարձր առաջադիմությամբ ուսանողների համար սահմանել խրախուսման տարատեսակ ձեւեր եւ միջոցներ, հատուկ ուշադրություն դարձնել խոցելի խմբերին, աջակցել մարզերում ուսանողների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծմանը:

  • Միջազգայնացում եւ համագործակցություն

Նախատեսվում է ընդլայնել ակադեմիայի համագործակցությունը օտարերկրյա կազմակերպությունների հետ՝ կադրերի վերապատրաստման եւ փոխանակման ծրագրերի ուղղությամբ, իրականացնել համատեղ ծրագրեր եւ այլն։ 

  • Ռազմահայրենասիրական դաստիարակության արդյունավետ համակարգի ստեղծում 

ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյան