Կյանքի 73-րդ տարում հանկարծամահ եղավ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բազմափորձ դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու Յուրի Գրիգորի Գյուրջյանը:

Միջնակարգ ավարտելուց եւ 1967-1699 թվականներին խորհրդային բանակում ծառայելուց հետո Յուրի Գյուրջյանը 1971-1977 հատվածում աշխատել է Հայաստանի քաղաքացիական պաշտպանության շտաբում, զուգահեռ սովորել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Բուհն ավարտելուց հետո աշխատել է էկոնոմիկայի եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում՝ զբաղվելով քաղաքացիական պաշտպանության հարցերով, մասնավորաբար ռազմական դրության ժամանակ տնտեսության կառավարման, տնտեսական գործունեության կայունության ապահովման ուղղությամբ: 1992 թվականից աշխատում է արտակարգ իրավիճակների ոլորտի կառույցներում՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների պետական վարչության տնտեսական կայունության բաժնի գլխավոր մասնագետ, բնակչության եւ տարածքի պաշտպանության վարչության գիտատեխնիկական բաժնի գլխավոր մասնագետ, Հայաստանի փրկարար ծառայության բաժնի պետ, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, ամբիոնի վարիչ: Հեղինակ եւ համահեղինակ է ավելի քան 140 գիտական հոդվածի եւ 2 մենագրության՝ «Հայաստանի տնտեսության կառավարումը եւ կազմակերպումը արտակարգ իրավիճակների պայմաններում» եւ «Հայաստանի սողանքները»՝ նվիրված արտակարգ իրավիճակների վտանգների եւ ռիսկերի գնահատմանը ու վերլուծությանը, էկոլոգիական անվտանգության հիմնահարցերին առնչվող ծրագրերի համապարփակ մշակմանը եւ արտակարգ իրավիճակների ժամանակ ՀՀ տնտեսության կայունությանը, ազգաբնակչության կենսաապահովմանը վերաբերող բազմաբնույթ հարցերին:

Բազմավաստակ գիտնականը պարգեւատրվել է «Քաղպաշտպանության գերազանցիկ» կրծքանշանով, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո փրկարարական եւ վերականգնողական աշխատանքների մասնակցության համար՝ ՀՀ Կառավարության պատվոգրով:

Յուրի Գյուրջյանը ավելի քան 10 տարի «Էկոլոգիայի եւ կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի» (Международная академия наук экологии, безопасности человека и природы. МАНЭБ) հայկական բաժանմունքի գիտական քարտուղարն էր եւ հսկայական ավանդ ունի այդ կառույցի կայացման ու զարգացման գործում: Վաստակի համար պարգեւատրվել է МАНЭБ-ի «Գիտնական աստղ» շքանշանով:

Յուրի Գյուրջյանը մշտապես աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, մարդասիրությամբ եւ կամեցողունակությամբ, համեստ, ազնվաբարո եւ վեհանձն կեցվածքով: Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա իրեն ճանաչողների սրտերում:

Հանգչիր խաղաղությամբ,