Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հանդիսավոր պայմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության եւ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության ներկայությամբ, դիպլոմներ ստացան ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2019-2020 ուսումնական տարվա մագիստրոս շրջանավարտները՝ 20 հոգի, որոնց մեծ մասն արդեն աշխատում է ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում, այդ թվում՝ փրկարար ծառայությունում: Դիպլոմները հանձնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությունն ավարտած 14 հոգի ստացած «Կառավարման» մագիստրոսի աստիճան (երեք հոգի ավարտեց գերազանցությամբ): «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությունն ավարտած 6 հոգի ստացած «Անվտանգության ծառայողի» մագիստրոսի աստիճան:

Մագիստրոսներին շնորհավորեցին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը: Կարեւոր է մարդուն փրկելու, օգտակար լինելու կամքն ու ցանկությունը, փրկարարի աշխատանքը հերոսական է, լավ սովորելուց հետո աշխատանքում ընդօրինակեք փրկարարների լավ օրինակները, եղեք արժանի շարունակողը լավ փրկարարների գործի, փրկարարները պետք է իրար օգնեն, «թիկունք կանգնեն», փրկարարը չի կարող աշխատանքում գլուխ պահել, նկատեց ԱԻ նախարարը: ՃԿՊԱ ռեկտորն էլ ասաց. երջանիկ կարող է լինել բարի մարդը, իսկ փրկարարը բարի մասնագիտություն է, փրկարարի միակ նպատակը մարդու կյանքը փրկելն է, բարություն պետք է լինի ամենուր՝ ընտանիքում, աշխատավայրում:

Մագիստրոսները երդվեցին.  «Ստանալով արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտի մասնագետի բարձր կոչումը եւ անցնելով փրկարարի համամարդկային գործունեության, երդվում եմ.

Բարեխղճորեն եւ պատասխանատվությամբ կատարել պարտականություններս,

Անշահախնդրորեն կազմակերպել  տուժածների փրկման աշխատանքները՝ անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից, կրոնական  դավանանքից,

Հնարավորինս ամեն ինչ անել աղետների կանխման եւ կանխարգելման համար,

Ամբողջ ուժով օժանդակել արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի զարգացմանը,

Պահպանել փրկարարի մասնագիտական ավանդույթը, բարոյական նկարագիրը եւ բարձր պատիվը,

Երդվում եմ ամբողջ կյանքում հավատարիմ մնալ այս երդմանը:

Երդվում եմ»:

Ավարտին ԱԻ նախարարը հորդորեց շրջանավարտներին աշխատանքում մեր նշանաբան ունենալ. «Ես մարդ եմ փրկում», իսկ փրկարար ծառայության ղեկավարությանը հանձնարարեց քննարկել համակարգում չաշխատող մագիստրոսներին աշխատանքի ընդունելու հնարավորությունը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ