ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների պլանի համաձայն, մայիսի 31-ից հունիսի 11-ը անցկացվում է ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարարական վարչության տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի վերապատրաստում: Մասնակցում է 13 փրկարար: Դասընթացի տեւողությունը 80 ժամ է, որից 36-ը՝ գործնական, 44-ը՝ տեսական:

Վերապատրաստման թեմաներն են. «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Փոքր

մեխանիզացիայի տեխնիկական միջոցների եւ սարքավորումների շահագործման կազմակերպումն ու աշխատանքի անվտանգության ապահովումը», «Փրփրային հրդեհաշիջման ուժերի եւ միջոցների հաշվարկը, հրշեջ պոմպի ճնշումային բնութագրերի հաշվարկը», «Փրկարար ծառայողների ֆիզիկական պատրաստության նպատակը, խնդիրները, կազմակերպման առանձնահատկություններն ու իրավական ապահովումը», «Վերքեր եւ վնասվածքներ», «Արյունահոսություններ», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող պարանային հանգույցները, տեսակները եւ յուրահատկությունները», «Դիմացկունության, արագաշարժության եւ ցատկունակության վարժությունների կատարման մեթոդական ցուցումներ» եւ այլն:

«Սահմանափակ տարածքում կամ շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» գործնական պարապմունքի ժամանակ ՃԿՊԱ դասախոսները փոխեցին սցենարը. մութ նկուղում, շնչառական ապարատներով տեղաշարժվող եւ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարներին հաղորդում են, որ նկուղի մուտքի փլուզվել է, պետք է այլ ելք գտնել: Փրկարարները հաջողությամբ լուծեցին առաջադրված խնդիրը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ