Հունիսի 11-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՊՆ Կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ Նորայր Սմբատյանը, այլք։

Հյուրերը ծանոթացան ակադեմիայի տեխնիկական բազային, մասնագիտացված լսարանների հնարավորություններին ու գրադարանին։ Ներկայացվեց նորաստեղծ IT համալիրի լաբորատորիան, որում տեղ են գտել վերջին տարիներին ակադեմիայի ձեռքբերումները՝ փլատակներում եւ այլ վտանգավոր անանցանելի տեղանքներում որոնողական եւ հետախուզական աշխատանք իրականացնող սարքավորումներ, իրազեկման, ազդարարման, փրկարարական աշխատանքներ կատարելու եւ առաջին օգնության անհրաժեշտ պարագաներ տեղափոխելու համար նախատեսված անօդաչու սարքեր։

ՃԿՊԱ ռեկտոր,փ/ծ գեներալ –մայոր Համլետ Մաթեւոսյանը նշեց, որ ներկայումս մշակվում են չափորոշիչներ միջին մասնագիտական կրթական ծրագրում նոր՝ «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություն ներդնելու համար։ Մյուս կրթական ծրագրերի ուսանողները նույնպես կունենան առարկայի ֆակուլտատիվ դասեր։ Արդյունքում ակադեմիան տարեկան կավարտի առնվազն երեսուն մասնագետ, որոնք իրենց գիտելիքով օգտակար կլինեն նաեւ Հայոց բանակին։

Համալիրի աշխատանքների համակարգող, ՃԿՊԱ գիտատեխնիկական եւ զարգացման գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն իսկ մեծ հետաքրքրություն կա նոր մասնագիտության հանդեպ։ Ուսանողները միկրոսխեմաներ հավաքելու, դրանք ծրագրավորելու հմտություններ կսովորեն, սարքավորումների կատարելագործման հարցում հաշվի կառնվեն նրանց նորարարական գաղափարները։

Նիստերի դահլիճում կայացավ նաեւ հանդիպում ավարտական կուրսերի ուսանողների հետ, որոնց գերակշռող մասն աղջիկներ էին։ Վաղարշակ Հարությունյանը մատնանշեց պատերազմի օրերին կին զինվորականների եզակի խիզախությունը․ «Օրինակ՝ Գյումրիի հակատանկային գնդի աղջիկների հաշվարկը երեք տանկ է խոցել։ Մեկ այլ դեպք՝ կին կապի սպան հրամանատարի զոհվելուց հետո ստանձնել է դիվիզիոնի ղեկավարումը եւ խոցել մեծ քանակի տեխնիկա։ ԱԻՆ-ն ինքնուրույն, կայացած կառույց է, միեւնույն ժամանակ այն ընդգրկված է պետության պաշտպանության ծրագրերի մեջ եւ իր մեծ լուման ունի»։

ՃԿՊԱ ռեկտորը հավելեց, որ ներկայումս Հայոց բանակում ծառայում է 45 ուսանող առկա եւ 57 ուսանող հեռակա բաժիններից, պաշտպանության նախարարությունում աշխատում է շուրջ 55 ՃԿՊԱ շրջանավարտ։ Հայրենիքի պաշտպանության համար Արցախյան 44-օրա պատերազմում իրենց կյանքն են տվել 15 ուսանող, մոտ 13-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Անդրանիկ Փիլոյանն իր հերթին խոստացավ, որ ՃԿՊԱ շրջանավարտները երկու նախարարություններում կունենան լավագույն աշխատանքային պայմանները։

Միջոցառմանը հաջորդեց ընդհանուր քննարկում՝ ՃԿՊԱ անօդաչու սարքերի պոտենցիալը բանակում օգտագործելու, ինչու ոչ՝ հետագայում արտադրության ներկայացնելու, ՊՆ ներկայացուցիչների եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ուսանողների համար քաղաքացիական պաշտպանության դասընթացներ անցկացնելու, ՃԿՊԱ ավարտական կուրսերի ուսանողներին պաշտպանության նախարարությունում աշխատանքի տեղավորելու վերաբերյալ։

Շրջայցի ավարտին փորձարկվեց դրոն, որը կատարեց անտառային հրդեհների կանխարգելման մասին իրազեկում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ