Ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կադրերի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետը մարտ ամսին կազմակերպել է 4 արտագնա դասընթաց՝

  • Մարտի 1-ին՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում,
  • Մարտի 21-ին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում,
  • Մարտի 26-ին՝ Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում,
  • Մարտի 28-ին՝ «Էրեբունի բժշկական ակադեմիա» հիմնադրամում։

   Ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թադևոսյանը դասախոսություն է կարդացել ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնում և «Էրեբունի բժշկական ակադեմիա»-ում՝ Հայաստանում հնարավոր արտակարգ իրավիճակների և դրանց կանխարգելման, ինչպես նաև երկրաշարժի թեմաներով։
ՊԵԿ-ի տարեկան միջոցառումների պլանում սա ՃԿՊԱ-ի առաջին միջոցառումն էր, որին մասնակցում էին 39 հոգի Երևան քաղաքի ստորաբաժանումներից, այդ թվում՝ ՊԵԿ-ի ներքին անվտանգության, զորահավաքային նախապատրաստության վարչություններից, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և հատուկ պատրաստության բաժնից։
«Ծավալուն թեմա էինք վերցրել, բայց կարծում եմ՝ լսարանն այդ կարճ ժամանակում հասցրեց գոնե տարբերակել, թե Հայաստանում ինչ արտակարգ իրավիճակներ կարող են լինել, ինչ օրենքներ կան և որն է իրենց անելիքը՝ որպես պետական կառավարման միավոր։ 44-օրյա պատերազմից և կորոնավիրուսի համավարակից հետո մենք բազմաթիվ պատկերային օրինակներ ու մեծ փորձ ունենք, և մարդիկ սկսել են հասկանալ նման դասընթացների կարևորությունը»,- մանրամասնեց դեկանը։
ՃԿՊԱ բազմամյա գործընկերը՝ նախկին «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը, 2023 թվականից իր գործունեությունը շարունակում է «Էրեբունի բժշկական ակադեմիա» հիմնադրամի կազմում։ Հերթական դասընթացին ներկա էին 42 ունկնդիր, որոնցից 7-ը՝ դասախոս։
Հանդիպումն անցկացվել է հարց-պատասխան ձևաչափով, ներկայացվել է երկրաշարժից պաշտպանության վարքականոնը։
Դ. Թադևոսյանը նկատեց, որ մեզանում, առհասարակ, վերոնշյալ թեմաներով գիտելիքը բավարար չէ, այնինչ տարրական բաներ դեռ դպրոցական ծրագրից պետք  է սովորած լինենք։ Ըստ նրա՝ պատճառներից մեկը գործնական վարժանքների սակավությունն է։ Կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշմամբ՝ ՃԿՊԱ-ն լիազորված է ուսուցում կազմակերպել միայն սեմինարի կամ դասախոսության ձևաչափով «Ղեկավարների վերապատրաստման ժամանակ պարտադիր բացատրում ենք, թե որքան կարևոր է վարժանքների կազմակերպումը։ Դպրոցներն ունեն ԱՌԿ պլան, որով տարվա ընթացքում գործնական պարապմունքներ պիտի անցկացնեն։ Այլ հարց է՝ դրանք իրականացվո՞ւմ են, թե՞ ոչ»։
Դպրոցներում մեկ այլ արմատացած խնդիր ևս կա. արտակարգ իրավիճակների ոլորտում ամեն ինչ զինղեկի ուսերին է թողնված։ ԱՌԿ պլանի մշակման ուղեցույցներում հստակ դերաբաշխում կա, և մեծ հաշվով՝ անվտանգության ապահովման գործընթացին պետք է  մասնակից լինի դպրոցի լրիվ անձնակազմը, այդ թվում՝ աշակերտները, մոտակայքում ապրող քաղաքացիները։
Դեկան Թադևոսյանը մեկ այլ ցավոտ հանգամանք էլ շեշտեց, այն է՝ ԱՌՆ վերապատրաստման դասերին հաճախումների խախտումները։ «Մարզպետարաններից մեկին ամեն ամիս տեղեկացնում ենք, թե այդ մարզից քանի մարդ է վերապատրաստվել։ Բայց պարզ չէ, թե առնվազն բացատրական ինչ միջոցներ են կիրառվում հայտագրված ու չներկայացած անձանց նկատմամբ։ Անվտանգության ուսուցումը պետք է սկսել վաղ տարիքից․ այն երկար գործընթաց է։ Իսկ տեղային կարճաժամկետ արդյունք ունենալու համար պետք է վերահսկողության մեխանիզմ մշակել կամ առողջապահության ոլորտի օրինակով՝ մտցնել պարտադիր կրեդիտային համակարգ»,- հավելեց մասնագետը։
ՃԿՊԱ դասախոսների մարզային այցերն այլ խնդիրներ ևս վեր են հանում։ Դ. Թադևոսյանի դիտարկմամբ՝ վերապատրաստումներին լավագույն դեպքում ներկա է լինում փոխքաղաքապետը՝ այն պարագայում, երբ քաղաքապետն է համայնքի քաղաքացիական պաշտպանության պետը։ Վերապատրաստման բլոկում իր 7-ամյա աշխատանքի ընթացքում չմտաբերեց մի դեպք, երբ համայնքի ղեկավարը դիմել է ԱԻ ոլորտում գիտելիք ստանալու համար։ Խնդիրը հեշտ լուծելի է․ ընդամենը պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանի նոր չափորոշիչ, որի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող թեկնածուն պետք է ունենա ԱՌՆ ոլորտում տարրական գիտելիք ունենալու մասին հավաստագիր։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում քաղաքացիական պաշտպանության  թեմայով դասընթաց է անցկացրել կադրերի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի դասախոս, փ/ծ պահեստազորի գնդապետ Արայիկ Գասպարյանը։
Դասընթացին մասնակցել է 16 հոգի տարբեր ստորաբաժանումներից։ Խոսվել է իրավական դաշտի խնդիրների մասին։ Մասնագետներին հետաքրքրել են հատկապես պաշտպանական կառույցները․ նրանք նույնիսկ ներկայացրել են իրենց առաջարկները՝ թաքստոցների անվտանգության ապահովման մասով։
Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում անցկացված դասընթացին մասնակցել է 95 հոգի, որոնցից 10-ը՝ ուսուցիչ։ Թեման երկրաշարժի ժամանակ վարքականոնի ուսուցումն էր, բանախոսը՝ ՃԿՊԱ կադրերի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի դասախոս, հանրակրթական ուսումնական հաստատություններում «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի ուսուցչի ձեռնարկի համահեղինակ Սիրանուշ Հովհաննիսյանը։
«Մի տեղում այդքան աշակերտի հետ աշխատելը բարդ է, բայց հասկացա, որ այս երեխաների գիտակցական մակարդակը շատ բարձր է։ Առաջին քայլը, որից սովորաբար սկսում եմ դասախոսությունս, գիտելիքի ստուգումն է։ Պարզապես հիացած եմ․ խելացի էին, պատրաստված, ուշադիր, տրամաբանված հարցեր էին տալիս»,- ասաց դասախոսը։
Քննարկվել են՝ ինչ է վտանգը, ինչ հետևանքներ կարող է ունենալ երկրաշարժը, երբ գործ ունենք աղետի հետ և այլ հարցեր։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Դավիթ Թադևոսյանը