Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկել է արտադրական պրակտիկան, որն անցկացվում է Երեւանում եւ մարզերում։

ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ այս տարի Ստեփանավանում պրակտիկա անցնող ուսանողների համար ծրագրային փոփոխություն է եղել։ Փորձ է արվում ավելի սերտացնել ուսանողների եւ համայնքային իշխանությունների հետ կապը, նրանց ներգրավվել ռիսկերի կառավարման գործընթացին։ «Վերանայել ենք նախորդ տարիներին կատարվածը՝ ըստ Սենդայի գործողությունների ծրագրի երեք գերակա ուղղությունների ու որոշել, որ պետք է աշխատանք սկսել համայնքի պահեստային կառավարման կենտրոնի հետ։ Ուրախությամբ պետք է ասեմ , որ 5-րդ կուրսի 4 ուսանող այս տարի արդեն ներգրավված են ՆԳՆ փրկարար ծառայության եւ շվեյցարական մի կազմակերպության համատեղ ծրագրում, որը պատրաստվում է մշակել Ստեփանավան քաղաքի արձագանքման պլանը՝ որպես պիլոտային ծրագիր։ Մեր երեխաներն անընդհատ աշխատում են, մի քանի օրից արդյունքը կներկայացնեն մեծ համաժողովում»,- մանրամասնեց Արմեն Առաքելյանը։

ԱՌՆ հարցերով ուսանողներն անընդհատ կապի մեջ են Ստեփանավանի քաղպաշտպանության եւ արտակարգ իրավիճակների պատասխանատուի հետ, որը նույնպես ՃԿՊԱ շրջանավարտ է։ Նա կազմակերպում է տեղեկատվության փոխանակումն ու հանդիպումները համայնքապետարանի կրթության, առողջապահության եւ այլ բաժինների հետ։

Արմեն Առաքելյանը հպարտացավ՝ Ստեփանավանն այն եզակի համայնքներից է, որն ունի դիմակայունության պլան եւ միջազգային ծրագրերի իրացման մեծ պոտենցիալ։ Շուտով կավարտվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNICEF-ի եւ «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի համատեղ ծրագիրը կլիմայական փոփոխությունների գնահատման վերաբերյալ։ Ծրագրում ներառվել են նաեւ ՃԿՊԱ դասախոսները, որոնք իրենց գիտելիքը փոխանցել են ուսանողներին։ Արմեն Առաքելյանի խոսքով՝ այս ծրագիրն հետաքրքիր ուսումնասիրության եւ համայնքային տարբեր ծրագրեր զարգացնելու միտք է տվել։ Օրինակ՝ պարզվել է, որ Լոռու մարզի նախալեռնային Ուրասար համայնքը, որտեղ նախկինում քիչ քանակությամբ կարտոֆիլ էր աճում, այժմ վարունգի բերքատվության առումով դարձել է ինքնաբավ։ Այսինքն՝ կլիմայական հարմարվողականությունը նոր հեռանկարներ կարող է բացել։

ՃԿՊԱ-ն շատ է կարեւորում ուսանողների մասնագիտական առաջընթացը։ Այս տարի Ստեփանավանի 5 ուսանող, որոնք երեխաների հետ աշխատելու փորձ ունեն, ընդգրկվել են Հայկական կարմիր խաչի ընկերության «Ժպիտների ակումբ» ծրագրում։ Սա դպրոցական տեւական ծրագիր է, որի շրջանակում մեր ուսանողներն աշակերտներին կսովորեցնեն անվտանգության վարքականոն, հիգիենա եւ այլն։

Մյուս ամիս կամփոփվի նաեւ «Լոռէ» փրկարար ջոկատի եւ ֆրանսիական Acted Armenia կազմակերպության ծավալուն ծրագիրը՝ ուղղված Արցախից տեղահանված հայերի ինտեգրմանը։ Թե՛ միջին մասնագիտական, թե՛ բակալավրի կրթական ծրագրերից տասնյակ ուսանողներ աշխատել են երեք տարիքային խմբի հետ մի շարք թեմաներով՝ անվտանգության վարքականոն, հիգիենա, արշավական մշակույթ, փրկարարական գույք-սարքավորումների կիրառում, մասնագիտական կողմոնորոշում եւ այլն։

Այլ կառույցներում ՃԿՊԱ արտադրական պրակտիկայի մանրամասներին դեռ կանդրադառնանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն ԱՌԱՔԵԼՅԱՆԸ