Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները, անկախ իրենց հետագա մասնագիտական կարիերայից, կապ են պահպանում հարազատ բուհի հետ։

ՃԿՊԱ շրջանավարտ, Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի էքսկուրսավար, Հայկական կարմիր խաչի ընկերության ու «Լոռէ» փրկարար ջոկատի կամավոր Դիանա Մովսիսյանն անցած շաբաթ ակադեմիայի ուսանողների հետ անցկացրել է հոգեկան առողջության եւ երիտասարդների վրա դրա ազդեցության վերաբերյալ դասընթաց։ Գաղափարը հղացել էր դեռ աշնանը, երբ Լեհաստանում այդ թեմայով վերապատրաստման էր։ «Մենք պատերազմող երկիր ենք, ինչը չի կարող իր հետեւանքը չունենալ մեր կյանքում։ Նպատակս էր, որ մեր ուսանողերը հասկանային, որ մարդ մանկուց կարող է հոգեկան առողջության խնդիրներ ունենալ։ Մեր հուզական, հոգեբանական, ֆիզիկական դաշտերը կարող են տատանվել ու խախտվել, բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծելի չէ»,- նշում է Դիանան։

Մասնակիցները քննարկել են՝ ինչպես կարելի է դուրս գալ ծանր իրավիճակներից, ինչու չի կարելի ոչ մեկին պիտակավորել, եթե փրկարար ես, առաջինն ինքդ քեզ վրա պետք է աշխատես։ Չկա մի միասնական միջոց կամ մեթոդ, որը կիրառելի է բոլոր մարդկանց համար։ Արտակարգ իրավիճակում մարդը դառնում է առավել խոցելի ու անկանխատեսելի, եւ միայն ճիշտ մոտեցմամբ դու կարող ես վերահսկել իրավիճակը։

Ուսանողները պատմել են իրենց կյանքում եւ շրջապատում տեղի ունեցած դժվարին փուլերի մասին, առաջարկել լուծման տարբերակներ։ «Բոլոր թիրախային խմբերի համար առանձնացրինք տարբեր արտակարգ իրավիճակներ, խոսեցինք երիտասարդներիս վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող դերակատարների մասին՝ ընտանիք, շրջապատ, համայնք եւ կառավարություն։ Լսում էի նրանց մեկնաբանություններն ու կարծիքները եւ կարող եմ ասել, որ մեր ուսանողները միանշանակ լավ մասնագետներ կդառնան»,- ասում է Դիանան։

Լիահույս է՝ ակադեմիայի հետ համագործակցությունը շարունակական կլինի, քանի որ թեման արդիական է եւ քիչ ուսումնասիրված՝ հատկապես արագ արձագանքման ուժերի պարագայում։ Պլանավորում է նաեւ թեմատիկ դասընթացներ մշակել փրկարար ծառայողների համար։

Միշտ կարոտով է մտնում հարազատ բուհ, որտեղ իր քայլերը սկսել է միջին մասնագիտական կրթական ծրագրից։ Ընտրել է կառավարման ոլորտը, այժմ Գիտությունների ազգային ակադեմիայում «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտության մագիստրոս է։ Ասում է՝ ՃԿՊԱ-ում ստացած կառավարման հմտությունները շղթայված են բոլոր ոլորտների հետ եւ գործիքների իմացությունը թույլ է տալիս ինքդ քեզ տարբեր անկյուններից բացահայտել։

Երիտասարդներին խորհուրդ է տալիս անպայման զբաղվել կամավորությամբ, ստեղծել կապեր, շատ մասնակցել սեմինարների, որոնք ձեւավորում են անհատի Ես-ն ու հաղորդակցության ոճը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Դիանա Մովսիսյանը