Հունվարի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որը ամփոփեց ակադեմիայի 2023 թվականի ուսումնական, հետազոտական, ֆինանսական գործունեությունն ու հաստատեց 2024 թվականի բյուջեն: Բացի ակադեմիայի ղեկավարությունից, նիստին մասնակցում էին նաեւ ներքին գործերի փոխնախարար, ՃԿՊԱ խորհրդի նախագահ Արփինե Սարգսյանը եւ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Ակադեմիայի աշխատանքների մասին զեկույցը ներկայացրեց ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե  Հայրապետյանը: Ըստ նրա, 2023 թվականին ՃԿՊԱ-ն աշխատել է ութ հիմնական ուղղությամբ.

  • կադրերի պատրաստման եւ վերապատրաստման ծառայություններ
  • հրշեջ-փրկարարների վերապատրաստում, որակավորման բարձրացում
  • բարձրագույն, հետբուհական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստում
  • բնակչության ուսուցում
  • գիտահետազոտական աշխատանքներ
  • ուսումնամեթոդական աշխատանքներ
  • մշակութային դաստիարակություն
  • միջազգային համագործակցություն

Ըստ ուղղությունների.

  • ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետում կազմակերպվել է 93 դասընթաց (նախատեսված 87-ի փոխարեն), որոնց մասնակցել է 2445 ունկնդիր (նախատեսված 2035 փոխարեն). 877 ունկնդիր՝ մարզերից, 340՝ Երեւանից, մնացածը՝ տարբեր կազմակերպություններից՝ պետական գերատեսչություններ, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն: Դասընթացներն անցկացվել են ինչպես ակադեմիայում, այնպես էլ տարբեր մարզերում՝ Արարատ, Արմավիր, Լոռի:
  • Ակադեմիայի փրկարարական ֆակուլտետում փրկարար ծառայության ծառայողների 2023 թվականի դասընթացների պլանի համաձայն, դասընթացներին, առարկայական ստուգարքներին մասնակցել է 210 ունկնդիր, արտապլանային դասընթացներին՝ մոտ 450 ունկնդիր, եռամսյա ուսումնական փորձաշրջանի որակավորման 94 մասնակցից փրկարարական որակավորում է շնորհվել 85 մասնակցի: Տավուշի եւ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություններից փրկարարական որակավորման մասնակցել է 557 փրկարարական ծառայող, որից որակավորում է ստացել 524-ը: Այսպիսով, փրկարարական ֆակուլտետում վերապատրաստում է անցել 660 ունկնդիր, պլանը գերակատարվել է 270-ով:
  • 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, ակադեմիայի միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերում սովորում է 1194 ուսանող, 2023 թվականին ակադեմիան տվել է 269 շրջանավարտ (49-ը՝ գերազանցությամբ)՝ 81 միջին մասնագիտական, 170 բակալավր, 18 մագիստրոս: Ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտների կեսից ավելին՝ 44 հոգի, ուսումը շարունակում է բակալավրի կրթական ծրագրում:
  • Բնակչության ուսուցման հարթությունում կազմակերպվել են «Հրդեհային անվտանգության ապահովումը» թեմայով դասընթացներ, մասնագիտական գույք-սարքավորումների ցուցադրություն, առաջին օգնության եւ այլ թեմաներով բաց դասեր տարբեր կրթօջախներում: Ցուցադրվել է ՃԿՊԱ տեղեկատվական տեխնոլոգիաների խմբի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայում վերջերս ներդրված անօդաչու թռչող սարքերի կառավարման սիմուլյացիոն ծրագիրը, ներկաների համար գործնական կիրառման հնարավորությամբ: 911tert.am եւ www.cmsa.am կայքերի եւ սոցիալական հարթակների միջոցով տարածվել են արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով հարցազրույցներ, մասնագիտական հաղորդաշարեր, ակադեմիայի մասին պատմող տեսանյութեր, առաջարկվող մասնագիտությունները գովազդող նյութեր եւ այլն:
  • 2023 թվականին հրատարակվել է «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական հանդեսի 2 համար. հոդվածների ընդհանուր թիվը՝ 50, որի կեսից ավելին հեղինակել են ակադեմիայի դասախոսները: Սրան զուգահեռ հրատարակվել է 17 ուսումնական եւ ուսումնամեթոդական ձեռնարկ, մշակվել եւ լրամշակվել է 20 դասախոսության նյութ (հիմնականում՝ էլեկտրոնային հարթակի համար) եւ այլն: Ակադեմիայի 3 դասախոս ներգրավված է տարբեր առարկաների, դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների չափորոշիչների եւ ծրագրերի մշակման աշխատանքներում՝ «Նախնական զինվորական պատրաստություն», «Առողջ ապրելակերպ»:
  • Կազմակերպվել է «Քաղաքացիական պաշտպանության առանձնահատկությունները 21-րդ դարում» խորագրով հանրապետական երիտասարդական ուսանողական գիտաժողով, «Կրակը՝ մեզ բարեկամ, կրակը՝ թշնամի» թեմայով բաց դաս, աղետների եւ պատմական իրադարձությունների վերաբերյալ ֆիլմերի ցուցադրություն, սեմինար-քննարկումներ, մարզական միջոցառումներ՝ ուժային եռամարտ, բռնցքամարտ, բազկամարտ, թենիսի եւ ֆուտբոլի առաջնություն եւ այլն, ճանաչողական այցեր, արշավներ, վրանային ճամբարներ, քայլարշավներ դեպի Գառնի տաճար, Գեղարդավանք եւ այլն:
  • Գործընկերային կապեր են ձեւավորվել ֆրանսիական, գերմանական, պորտուգալական, լիտվական, լեհական, ռուսական, ֆիննական, ամերիկյան, ռումինական, բելգիական պետական եւ մասնավոր տարբեր կազմակերպությունների, միջազզգային կառույցների (Եվրամիություն, ՄԱԿ, «Բժիշկներ առանց սահմանների» եւ այլն) հետ: Համագործակցության հարթությունները բազմազան են՝ անտառային հրդեհներ, բնակչության պաշտպանություն, երկրատեղեկատվություն հանուն դիմայակուն երկրի, աղետների ռիսկի նվազեցման կարողությունների զարգացում, փրկարարական ուժերի կարողությունների զարգացում, հանրային անվտանգության քաղաքականություն, գիտական աշխատանքներում հեղինակային իրավունքի պահպանում եւ գրագողության դեմ էլեկտրոնային գործիքների կիրառում, մանկավարժական նորագույն տեխնոլոգիաները բուհերում, Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում, հրդեհների եւ երկրաշարժի ժամանակ անվտանգության կանոնների պահպանում եւ այլն: Հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում անցկացվել է միջազգային, լայնամասշտաբ հրամանատարաշտաբային ուսումնավարժություն «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման եւ համատեղ գործողությունների միջոցով» HOPE ծրագրի շրջանակներում «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը» թեմայով:

Հաշվետվությունը լսելուց հետո, ներքին գործերին փոխնախարար Արփինե Սարգսյանը նկատեց, որ պատշաճ աշխատանք է արվել, ակադեմիան պետք է շարունակի աշխատել եւ հույս հայտնեց, որ 2024 թվականի արդյունքները կլինեն առավել որակյալ: Ակադեմիայում մտադիր են 2024 թվականի ծրագրերում ընդլայնել երիտասարդների, այդ թվում՝ ՃԿՊԱ ուսանողների ներգրավվածությունը: 2024 թվականին նախատեսված են հետեւյալ միջոցառումներն ու ծրագրերը

  • կադրերի պատրաստում եւ վերապատրաստում՝ 2035 ունկնդիր
  • հրշեջ-փրկարարների վերապատրաստում՝ 1105 ունկնդիր
  • Փրկարար ծառայողների վերապատրաստման դասընթացներ Ավստրիական Կարմիր Խաչ կազմակերպության հետ համատեղ Լուսակերտ վարժարանում
  • Հետազոտողի, մագիստրոսի, բակալավրի եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում՝ ըստ հաստատված ծրագրերի
  • Մագիստրոսի, բակալավրի եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերում նոր մասնագիտությունների ներդրում
  • Ակադեմիայի համագործակցության ընդլայնում միջին մասնագիտական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ
  • Դիմորդների մասնագիտական կողմնորոշման աշխատանքների ակտիվացում՝ «Բաց դռներ օրեր» եւ այլն
  • «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական հանդեսը բարձր վարկանիշ ունեցող ամսագրերի շտեմարաններում ընդգրկում
  • Միջազգային գիտաժողովների, վեբինարների, վերապատրաստումների, սեմինարների ու կլոր սեղանների կազմակերպում
  • Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների եւ ուսանողների օտար լեզվի իմացության մակարդակի բարձրացման ծրագրեր
  • Ռոբոտաշինական լաբորատորիայի զարգացում եւ հագեցում նոր ծրագրային եւ տեխնիկական ապահովմամբ
  • Արտակարգ իրավիճակներում եւ ռազմական պայմաններում որոնողափրկարարական աշխատանքներում հեռակառավարվող սարքերի՝ ԱԹՍ-ների կիրառմամբ հետազոտական նոր ուղղությունների զարգացում, մշտադիտարկման աշխատանքներ, քարտեզի համապատասխան շերտերի ձեւավորում
  • ԱԹՍ կիրառմամբ գիտահետազոտական աշխատանքներ տարաբնույթ վտանգների ռիսկերի եւ խոցելիության գնահատման, կանխարգելման, դիմակայման, արտակարգ իրավիճակներում արձագանքման, ԱԹՍ-ների կիրառման հնարավորությունների ուսումնասիրման եւ հետազոտական աշխատանքներ
  • Ինստիտուցիոնալ հավատարմագրման ուղղությամբ միջազգային գործունեության ակտիվացում
  • Ինստիտուցիոնալ կարողությունների հավատարմագրման նպատակով համապատասխան փաստաթղթերի մշակում եւ հավատարմագրման գործընթացի նախաձեռնում
  • «Ճգնաժամ հաղթահարողներ» ուսանողական կամավորական խմբակի ձեւավորման աշխատանքների ակտիվացում
  • Ակադեմիայի կայքէջը միջազգայնացման գործընթացներին համապատասխանեցում

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ