Հունվարի 28-ին Չեխիայի Ուստի-Նադ-Լաբեմ քաղաքում անցկացվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի վարկանիշային մրցաշար, որին մասնակցել են տարբեր երկրներ ներկայացնող ավելի քան 40 մարզիկ, այդ թվում՝ Հայաստանի ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ, դասախոս, բռնցքամարտի WBF վարկածով Եվրոպայի գոտու չեմպիոն, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը։ Նա հենց առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է չեխ բռնցքամարտիկ Միշել Սլավիկին եւ բարձրացրել սեփական մարզական վարկանիշը:

Հայ մարզիկը, որը ռինգ էր դուրս եկել զինվորական բերետով, իր հաղթանակը նվիրեց հայոց բանակին՝ 32-ամյակին։ «Մենք պետք է հիշենք մեր պատմությունը, մեր զոհված տղաներին։ Բանակային ծառայությունը, չնայած բարդություններին, ինձ շատ բան է սովորեցրել, առաջին հերթին՝ պայքարել եւ ունեցածդ գնահատել։ Միգուցե դա էլ մի պատճառ է, որ ես այսօր բռնցքամարտով եմ զբաղվում»,- նշեց Յուրին։

Խոստովանում է՝ մինչեւ մրցաշարը երկար ուսումնասիրել է մրցակցի մենամարտերը, փորձել նրա հետ աշխատելու տակտիկա մշակել։ Նման արհեստավարժ մարզիկների հետ ելույթից առաջ երբեմն հոգեբանական ճնշվածություն է լինում, քանի որ պատասխանատվությունն ու ակնկալիքները մեծ են։ Բայց սպորտում ոչինչ կանխատեսելի չէ․ կարող ես թույլ մարզիկի հետ մինչեւ ուժասպառ լինելը մրցել, իսկ ուժեղին տապալել մի քանի վայրկյանում։ Սրանում է բռնցքամարտի հմայքը։

Յուրին իր հաղթանակը տոնել է Չեխիայի հայ համայնքի ընկերակցությամբ. Մեր հայրենակիցները մեր մարզիկին աջակցել են մրցաշարի ողջ ընթացքում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Յուրի Սաքունցը