Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ոլորտային ամենամեծ գրադարանն ունի։ ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի վարիչ, պահեստազորի փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը վերհիշում է՝ նման ֆոնդ հավաքելը հեշտ չի եղել։ Անկախության առաջին տարիներին ֆինանսական միջոցները բավարար չէին․ տեքստերը հավաքվում էին գրամեքենայով, ապա պատճենահանվում ու կարվում։ Առաջինը բրոշյուրներ էին՝ տարբեր արտակարգ իրավիճակների մասին նեղ մասնագիտական վերլուծությամբ։ Գրադարանի համար առաջին թեմատիկ բրոշյուրները հրատարակվել են 1994 թվականին, իսկ 1996 թվականին լույս է տեսել առաջին ձեռնարկը՝ բնակարանային կոմունալ տնտեսության համակարգում հնարավոր արտակարգ իրավիճակների մասին։

Այսօր ակադեմիան ունի հիմնարար գրականություն՝ նախատեսված բոլոր կրթական ծրագրերի եւ մասնագիտությունների համար՝ ճգնաժամային կառավարում, փրկարարական գործ եւ այլն։ Մասնագետը մատնանշում է հատկապես քաղաքացիական պաշտպանության ոլորտի զարգացումը։ Ժամանակին քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ գրականությունը մակերեսային էր եւ ռուսերեն լեզվով։ Եվ ակադեմիան ստիպված էր սկսել զրոյից ու ձեւավորել նոր գրականություն՝ նոր մոտեցումներով։

Ուշադրության են արժանի հատկապես պաշտպանական կառույցների եւ անհատական պաշտպանության միջոցների մասին գրքերի նոր շարքը, որոնք հստակ պատկերացում են տալիս ապաստարանների եւ պատսպարման համար նախատեսված այլ վայրերի մասին։ «Մենք հասել ենք նրան, որ առանձին «Կապ եւ ազդարարում» ձեռնարկ ունենք, տալիս ենք խորքային գիտելիք պատերազմական իրավիճակում ճարտարագիտական ապահովման վերաբերյալ։ Օրինակ՝ դու փրկարար ես եւ հանձնարարություն ունես մարդկանց տարհանել, սակայն տեղեկանում ես կամրջի փլված լինելու մասին։ Ո՞րն է լինելու քո հաջորդ քայլը»,- մանրամասնում է մասնագետը։

Գրադարակներում կարելի է գտնել նաեւ ակադեմիայի դասախոսների հեղինակած բազմաթիվ գրքեր քիմիական, կենսաբանական, ճառագայթային պաշտպանության եւ այլ թեմաների վերաբերյալ, որոնք ոչ միայն համահավաք հետազոտական ուսումնասիրության արդյունք են, այլեւ որակյալ թարգմանական աշխատանք։

Իհակե, քաղաքացիական պաշտպանության ոլորտն իր բացերն ունի։ Համլետ Մաթեւոսյանի խոսքով՝ կան հնացած դրույթներ ու մոտեցումներ, մարտավարությունը պետք է փոխվի եւ հարմարեցվի մեր պայմաններին։ Վերջերս ՃԿՊԱ-ն հրատարակել է «Զենքի տեսակները» գիրքը, որում ներկայացված են տարբեր զինատեսակների հնարավորություններն ու վտանգները․ «Այս գիրքը եզակի է այն առումով, որ դիտարկում է զենքը ոչ միայն որպես խոցող միջոց, այլեւ ցույց է տալիս նրա ազդեցությունը մարդու վրա։ Եթե դու փրկարար ես, ապա պետք է հստակ իմանաս՝ որ զենքի կիրառման դեպքում ինչպես ես օգնելու տուժածին»։

Փրկարարական գրականության շարքը պարբերաբար համալրվում է։ Առկա են ժամանակակից ռոբոտատեխնիայի մասին եզակի գրքեր, տարբեր տարիներին ակադեմիայի եւ միջազգային կառույցների համագործակցությամբ թողարկված բրոշյուրներ, օտարալեզու գրականություն՝ տարերային աղետների ժամանակ փրկարարական, կինոլոգիական եւ այլ աշխատանքների վերաբերյալ, օտարալեզու մասնագիտական բառարաններ ու հանրագիտարաններ։

Վերջին տարիներին ակադեմիան վերապատրաստում է պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին։ Նախադպրոցական եւ դպրոցական կրթական հաստատությունների մանկավարժների համար մշակվել են տարբեր ձեռնարկներ ու ուղեցույցներ, որոնք հիմնական գիտելիք են տալիս աղետների ռիսկի նվազեցման եւ արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոնի վերաբերյալ։ Համլետ Մաթեւոսյանն ուրախությամբ նշում է՝ հասել ենք նրան, որ ստեղծվել է դպրոցների եւ ՏԻՄ-երի համար առանձին ԱՌՆ գրադարան։ Ամբողջ գրականությունը բաժանվում է վերապատրաստվողներին, որոնք իրենց փորձը փոխանցում են մյուսներին։

ՃԿՊԱ-ի մասնագետներն ակտիվ աշխատում են նաեւ դպրոցական ծրագրերի համար նախատեսված ԱՌՆ ուսուցչական ձեռնարկների մշակման ուղղությամբ։ Արդեն իսկ պատրաստ են 2-5-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերը։

Մանկական գրականության շարքը՝ «Ես կարող եմ», «Խաղս կատակ, բայց լուրջ», «Գիտեմ, պատրաստ եմ, կարող եմ», փոքրահասակ երեխաների ամենասիրելի հատվածն է։ Հատուկ կարիքներով երեխաների լիարժեք ներառականությունն ապահովելու համար ակադեմիայի մասնագետները տարբեր կառույցների հետ համատեղ ստեղծել են ներառական ԱՌՆ գրականություն՝ գրքեր, խաղեր, փազլներ եւ այլն։ Վերջերս մեկ ամփոփ գրքով լույս է տեսել նախադեպը չունեցող «Աղետիկ» բանաստեղծաշարը, որը տարբեր արտակարգ իրավիճակներում գործելու խորհուրդներ ու հմտություններ է սովորեցնում։ Այն թարգմանված է նաեւ ֆրանսերեն։ «Աղետիկ» գրքի հիման վրա նաեւ երկու մուլտֆիլմ է նկարվել։

Ակադեմիայի գրադարանի հարստությունն են գիտական հոդվածների տասնյակ ժողովածուները, որոնք ճանաչելի են դարձնում գիտության նվիրյալներին։ Համլետ Մաթեւոսյանի խոսքով՝ այս տարեվերջին ամենայն հավանականությամբ ժողովածուն կստանա միջազգային կարգավիճակ։

«Բոլորս մոռանում ենք, որ ԱՌՆ ոլորտում անելիք ունենք։ Վերցնենք թատրոնները, որոնք կարող են երեխայի մեջ անվտանգ ապրելու մտածողություն ձեւավորել, օրինակ, «Երեք խոզուկները» հեքիաթը ներկայացնելով աղետների տեսանկյունից։ Բայց նրանք սպասում են, որ մեկ ուրիշը դա կանի։ Կամ ծնողը հետաքրքրվում է իր երեխայի առաջադիմությամբ ու վարքով, բայց ոչ՝ անվտանգությամբ։ Սրանք խնդիրներ են, որոնց մասին իրավունք չունենք լռելու։ Այս ամբողջ գրականությունը ստեղծված է նրա համար, որ հետագայում դառնա ամեն մեկիս անվտանգության գործիքը»,- ասում է մասնագետը։

Այսպիով՝ վստահորեն կարող ենք փաստել, որ ՃԿՊԱ գրադարանը կատարում է իր առջեւ դրված նպատակները, դրանցից առանցքայինը՝ մասնագիտական գրականությամբ ապահովել ակադեմիայի ուսանողներին, կրթել եւ օգնել մյուս ուսումնական հաստատություններին։ Դպրոցական դասագրքերում ԱՌՆ բովանդակային ներդրումը վերջին տարիներին ակադեմիայի ամենահաջողված փորձերից է։ Այսօր արտակարգ իրավիճակների վերաբերյալ հարցեր են ներառված 2-4-րդ դասարանների «Ես եւ շրջակա աշխարհը», 5-րդ դասարանի «Աշխարհագրություն», բարձր դասարանների «Նախնական զինվորական պատրաստություն» եւ այլ առարկաների շրջանակում։ «Եթե ուսուցիչն իր դասից 30 վայրկյան հատկացնի՝ բացատրելու համար, օրինակ, «Հայոց լեզվի» դասում հանդիպող «փոթորիկ» բառը կամ «դժբախտաբար»/«բարեբախտաբար» բառերի կիրառությունը՝ արտակարգ իրավիճակների օրինակով, նա ոչ միայն երեխայի ուշադրությունը կսեւեռի կարեւոր թեմայի վրա, այլեւ նրան կսովորեցնի անվտանգության մշակույթ»,- ամփոփում է Համլետ Մաթեւոսյանը։

ՃԿՊԱ գրադարանը հասանելի է ոչ միայն ուսանողների, այլեւ ոլորտի ուսումնասիրությամբ զբաղվող բոլոր անձանց համար։ Գրքերն էլեկտրոնային տարբերակով կարող եք գտնել ակադեմիայի կայքի «Դիմակայունության գրադարան»՝ http://library.cmsa.am/ բաժնում:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ