ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հրատարակել է «Քաղաքացիական պաշտպանության անհատական պաշտպանական միջոցներ» նոր հնգամաս ձեռնարկ: Հեղինակներն են ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանը եւ «Քաղաքացիական պաշտպանության» ամբիոնի դասախոս Արայիկ Գասպարյանը:

Ձեռնարկի ամեն մաս վերաբերում է քաղաքացիական պաշտպանության հստակ ուղղությունների.

  • քաղաքացիական պաշտպանության անհատական միջոցների ընդհանուր նկարագրությունը, դասակարգումը, լաբորատոր տեխնիկական ստուգումը, ապահովման, կրման եւ օգտագործման կարգը
  • շնչառական օրգանների պաշտպանության միջոցներ. զտող հակագազեր
  • շնչառական օրգանների պաշտպանության միջոցներ. մեկուսացնող հակագազեր, ռեսպիրատորներ, շնչառական օրգանների պաշտպանության պարզագույն միջոցներ
  • մաշկի, գլխի, ձեռքերի, ոտքերի եւ աչքերի անհատական պաշտպանության միջոցներ
  • ինքնափրկիչ միջոցներ, անհատական պաշտպանության բժշկական միջոցներ

Գրքի ամեն հատորում մանրամասն ներկայացված է տվյալ թեման: Օրինակ. մեծահասակների համար նախատեսված հակագազեր, մանկական զտող հակագազեր եւ պաշտպանիչ զտիչ խցիկներ, պաշտպանիչ բաց ակնոցներ, պաշտպանիչ փակ ակնոցներ եւ այլն:

ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով, նոր ձեռնարկի անհրաժեշտությունը ՃԿՊԱ կրթական ծրագրերում նոր մոդուլների առկայությունն է: Հատկապես միջին մասնագիտական կրթական ծրագիրն արդեն երրորդ տարին է, որ իրականացվում է նոր չափորոշիչներով:

Ըստ ՃԿՊԱ պրոռեկտորի, քաաղաքացիական պաշտպանությունը 21-րդ դարում դառնում է առավել արդիական, ինչը կապված է ժամանակակից պատերազմներում եւ ռազմական գործողություններում կիրառվող նորագույն զենքերի, զինատեսակների, մարտավարությունների հետ, որոնք կարող են հանգեցնել բնակչության, մշակութային, նյութական արժեքների ահռելի կորուստների: Վերջին տարիներին Սիրիայում, Ուկրաինայում, Գազայի հատվածում ընթացող պատերազմական գործողություններից տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: Բնական է, որ քաղաքացիական պաշտպանության գործընթացներն իրականացնում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները ու կազմակերպությունները՝ անկախ պետաիրավական տեսակից: Այդ միջոցառումներին մասնակցում են բնակիչները, ուստի քաղաքացիական պաշտպանության հարցերով հմտությունների ձեւավորումը լրջագույն խնդիր է յուրաքանչյուր երկրի համար. «Պատահական չէ, որ մեր երկրում կրթական համակարգի գրեթե բոլոր մակարդակներում ներառվել են քաղաքացիական պաշտպանության հարցեր: Պետք է նշել նաեւ, որ պատերազմների բնույթի փոփոխությունը թելադրում է նոր մոտեցումների կիրառում բնակչության ու նյութական արժեքների պաշտպանության հարցում: Հենց սրան էլ միտված է «Քաղաքացիական պաշտպանության անհատական պաշտպանական միջոցներ» նոր ձեռնարկը»:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ