Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սաները, բացի ուսումնառությունից, նաեւ նախասիրություններ ունեն։ ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Մարի Հովհաննիսյանը վստահ է՝ կյանքում քո դերը հասկանալու համար պետք է ամեն ինչ փորձել։

Նրա հետ զրուցել ենք ակադեմիայում կրթության հեռանկարների, ժողովրդական պարերի եւ հայրենիքի հանդեպ սիրո մասին։

-Մարի՛, բավականին ակտիվ կյանք ունես։ Անընդհատ ճանապարհորդում ես, սոցիալական կայքերում կիսվում լուսանկարներով։ Այդ սերը դեպի բնությունը ինչպե՞ս առաջացավ։  

-Արշավել սկսել եմ 2022 թվականից՝ ակադեմիայի «Պատանի փրկարար» խմբակի կազմում։ Սկզբում շատ էի վախենում, որ ֆիզիկապես չեմ կարողանա երկար քայլել, սակայն առաջին արշավից հետո հասկացա, որ ամեն ինչ հնարավոր է, եթե կա մեծ ցանկություն։ Մեքենայով ճամփորդելիս իհարկե տեսնում ես բնապատկերներ, սակայն ոտքով քայլելն ուրիշ է․ զգում ես ամեն քարն ու թուփը։

Կար ժամանակ, երբ ցանկանում էի հեռանալ Հայաստանից, բայց արշավելով համոզվեցի, որ իմ հայրենիքից ավելի լավ տեղ չեմ կարող գտնել։ Ես ամեն անգամ սիրահարվում եմ այս երկրին։

Ծրագրեր ունեմ՝ իմ հարազատ Սիսիան համայնքի հետ կապված։ Մեր տարածաշրջանում կան տեղանքներ, որոնց մասին անգամ զբոսավարները չգիտեն, եւ միայն տեղաբնակները կարող են ուղեկցել։ Առաջիկա նպատակս է տուրիզմի ոլորտում գիտելիք ձեռք բերել, որ կարողանամ ծրագիրս իրագործել։

Հուշակոթողների պահպանությունը մեր երկրում թերի է, հաճախ՝ անտեսված։ Սիսիանի օրինակով կարող եմ ասել, որ որոշ կոթողներ վերականգնելու դեպքում կարելի է մեծ թվով զբոսաշրջիկների հոսք ապահովել դեպի մեր մարզ։ Այդ կոթողներից մեկն, օրինակ, Որոտնաբերդն է, որտեղ հասնելու երազանքս իրականացրի ընկերներիս հետ։ Այն դժվարանցանելի է, մեքենայի ճանապարհ չկա։ Հրաշալի պատմամշակութային վայրեր ունենք նաեւ սահմանամերձ գյուղերում։

Սահմանամերձ համայնքների մասին։ Անդամակցում ես Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին, որը զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի մասին իրազեկման ծրագիր է անում։ Ինչպե՞ս միացար այդ թիմին, ո՞րն է քո գործառույթն այս կառույցում։

-Առաջարկը ստացել եմ «Զարկ» կրթական ծրագրի տնօրենից՝ այդ ժամանակ ես ծրագրի սան էի։ Մենք վերապատրաստվում ենք որպես հրահանգիչ եւ իրականացնում մեկժամյա իրազեկման դասընթացներ սահմանամերձ դպրոցներում։ Պատմում ենք՝ ինչ է ականը, ինչ վտանգ է իրենից ներկայացնում, ծանոթացնում ենք զինամթերքի տարբեր տեսակներին։ Եղել է՝ դասընթացների ժամանակ զրույցի միջոցով հայտնաբերել ենք ականազերծման ենթակա տարածքներ կամ տնամերձերում առկա վտանգավոր զինամթերք։ Սեմինարի ավարտին սովորաբար թեստ ենք անցկացնում՝ պարզելու, թե որքանով են երեխաները մեզ լսել ու հասկացել։ Մանավանդ տղաները բավականին ուշադիր ու աչալուրջ են այս հարցում։ Ինձ համար ամենահաճելին իմ տարիքակիցների հետ գիտելիքս կիսելն է։

— Եթե չեմ սխալվում, «Զարկ» ծրագիրը նաեւ առաջին օգնության բաղադրիչ ունի։ Ի՞նչ հմտություններ ես ձեռք բերել, եղե՞լ է դեպք, որ իրական տուժածի օգնություն ցուցաբերես։

-Դեռ ոչ, բայց կարծում եմ՝ եթե արտակարգ իրավիճակ լինի, հաստատ կկարողանամ արագ կողմնորոշվել, քանի որ ակադեմիայում եւս բավականին խորացված առաջին օգնություն ենք սովորում։

«Զարկ» ծրագրով նաեւ տեղագրություն ենք անցնում, ինչն ինձ շատ է հետաքրքրում։ Արշավներ ու ճամբարներ ենք ունենում։ Բացի դրանից՝ շատ եմ կարեւորում իմ ֆիզիկական պատրաստվածությունը․ ճիշտ է՝ 10 տարի պարի եմ հաճախել, բայց ֆիզիկական կոփվածությունն ուրիշ է։ Այս ծրագրով ոչ միայն կոփվել եմ, այլեւ ինքնապաշտպանության հմտություններ ձեռք բերել։

-Խոսենք պարից։ Ի՞նչ պարեր ես նախընտրում։ Ինչու՞ կարիերադ չշարունակեցիր այդ ուղղությամբ։

— Սիսիանում հաճախում էի լատինամերիկյան պարերի, բայց երբ զինվորական ծնողներիս գործի բերումով տեղափոխվեցինք Երեւան, հասկացա, որ այդ ոճից հոգնել եմ։ Անցա ժողովրդական պարերին, եւ իմ կյանքը հիմնովին շրջվեց, երբ ջազմեն Տիգրան Համասյանի երաժշտության շնորհիվ բացահայտեցի մոդեռնացված հայկական ժողովրդական պարերի հմայքը։ Սայաթ Նովան ու Կոմիտասը դարձան իմ ոգեշնչման աղբյուրը։ Պրոֆեսիոնալ պարը չշարունակեցի, քանի որ կարծում եմ, որ իմ գիտելիքն այլ ոլորտում կարող է պիտանի լինել։ Իսկ ընդհանրապես՝ պարն ինձ շատ է օգնում կյանքում։

-Գիտեմ, որ նաեւ գրում ես իրապատումներ՝ ֆանտաստիկայի տարրերով։ Ինչպե՞ս սկսեցիր հետաքրքրվել գրականությամբ։

-Մայրս պատերազմի մասնակից է, հեղինակել է «Իշխանաձորի վերջին մայրամուտը» գիրքը։ Նրանից եմ ոգեշնչվել ու սկսել գրել։ Ձեռագրիս մշակման հարցում օգնել են «Թումո» կենտրոնում ստեղծագրության դասերը։ Գրում եմ հիմնականում պատմվածքներ, որոնք ծնվում են հենց արշավների ժամանակ։

-Ասացիր, որ ծնողներդ զինվորական են։ Ինքդ էլ որոշել ես ուժային կառույցում՝ արտակարգ իրավիճակների համակարգում ուղիդ շարունակել։ Ի՞նչ ես նրանցից սովորել։

-Ծնողներս մեծ դեր խաղացին մասնագիտությանս ընտրության հարցում։ Ակադեմիա ընդունվելիս չէի պատկերացնի, որ բոլոր նպատակներս այս բուհի հետ կկապեմ։ Այժմ կառավարման բաժնում եմ, բայց բակալավրի կրթական ծրագիրը փրկարարի մասնագիտությամբ եմ շարունակելու, քանի որ ավելի ակտիվ աշխատանք եմ սիրում։

Ծնողներս ինձ սովորեցրել են ամեն հարցում չափազանց պատասխանատու լինել, երբեք չուշանալ, ինչը փրկարար լինելու համար շատ կարեւոր է։ Մայրիկս միշտ ասում է, որ մարդ պետք է ամեն ինչի մասին գիտելիք ունենա, որ ցանկացած իրավիճակում կարողանա ճիշտ կողմնորոշվել։ Իսկ հայրիկն ինձ «դրդում է» աշխարհագրություն ու հայոց պատմություն սովորել, ինչն էլ նպաստում է ինքս իմ հետ, իմ ինքնության հետ ներդաշնակ լինելուն։

-Մարի՛, այսքան բազմազբաղ առօրյա ունենալով հանդերձ՝ ամեն ինչ հասցնում ես։ Ի՞նչ խորհուրդ կտաս քո տարիքակիցներին, որոնք չեն կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում։

Իրականում ամեն ինչ պետք է փորձել, որ հասկանաս՝ որն է քոնը, որն է քո դերն այս կյանքում։ Մեզ՝ երիտասարդներիս, սովորաբար նախատում են, որ դժվար ենք կենտրոնանում՝ շատ ժամանակ հեռախոսի մեջ անցկացնելու պատճառով։ Կարծում եմ՝ եթե ուսուցողական ծրագրերը շատ լինեն, երեխաներն էլ հետաքրքրված կլինեն, իսկ հեռախոսն ընդամենը կդառնա միջոց՝ ավելի շատ ինֆորմացիա ու գիտելիք ստանալու։

 

ԱՆի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մարի Հովհաննիսյանը

Հ.Գ. ՃԿՊԱ ակտիվ եւ նախաձեռնող այլ ուսանողների մասին կարդացեք.

Միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Էմմի Պողոսյան

Բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության ուսանողուհի Ջուլյա Բաղդասարյան