Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սաները, բացի ուսումնառությունից, նաեւ նախասիրություններ ունեն։ Ոմանք քաղաքացիական ակտիվիստներ են, ներգրավված են տարբեր կամավորական, սոցիալական եւ այլ ծրագրերում։

Մեր հերթական զրույցը ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության ուսանողուհի, սպորտային միջոցառումների կազմակերպիչ, պարուհի Ջուլյա Բաղդասարյանի հետ է։

-Ջուլյա՛, ինչպե՞ս սպորտը մտավ քո կյանք։

-Հայրիկս՝ Համլետ Բաղդասարյանը, բազկամարտիկ է, ժամանակին կրկեսում թեթեւ ատլետ է եղել, իսկ տատիկս նրա առաջին մարզիչն էր։ Սպորտի հետ առնչվել եմ դեռ մանկուց։ Զբաղվել եմ սիրողական բասկետբոլով ու մասնակցել դպրոցական մրցումների, երեք տարի հաճախել եմ սպորտային պարերի։ Այդ ժամանակ հասկացա, որ սպորտն իմ տարերքն է, այն մարդու առողջության եւ տրամադրության ամենաուժեղ խթանն է, էներգիայի աղբյուրը։ Այժմ զբաղվում եմ սիրողական սամբոյով, առավոտյան միշտ վազում եմ, ֆիզիկական վարժություններ անում, հաճախում յոգայի։ Բացի ֆուտբոլից՝ հետաքրքրվում եմ բոլոր մարզաձեւերով։ 2023 թվականից տարբեր սպորտային միջոցառումներում որպես կամավոր եմ աշխատում։

-Ինչպե՞ս սկսեցիր կամավորությամբ զբաղվել։ Ի՞նչ հնարավորություններ է քեզ տալիս։

-Կամավորությունն իմ հոբբին է, իմ մասնիկը։ Լինելով Համահայկական կամավորական միության անդամ՝ ձեռք եմ բերել տարբեր մասնագիտության տեր ընկերների մեծ շրջապատ։ Անընդհատ ինքնակրթվում եմ, աշխատում հայտնի մարդկանց հետ։ Նույնիսկ մրցավարի որակավորում եմ ստացել, ինչն էլ մարզիչների ու մարզիկների հետ շփման արդյունքն է։ Նրանք են ինձ սովորեցրել գնահատման նրբությունները։

-Հետաքրքիր է՝ կամավորական աշխատանք անելը տարիքային «նախասիրությու՞ն» է, թե՞ մարդու էության, բնավորության մի մաս։

-Ինձ համար այն ապրելակերպ է, աշխատանք, նոր բան սովորելու հնարավորություն։ Պատիվ է, երբ քեզ որեւէ կառույցում ընտանիքի անդամի պես են ընդունում։ Բազմաթիվ մեդալներ ունեմ կամավորության համար, օրինակ՝ կարատեի մրցաշարի կազմակերպչական հարցերով լավագույն աշխատակից եմ ճանաչվել եւ այլն։ Իհարկե կան մարդիկ, որոնք կամավորությամբ զբաղվում են շահադիտական նպատակով, օրինակ, բուհի հետ կապված որոշակի հարցեր կարգավորելու համար։ Բայց դրանք եզակի դեպքեր են։

-Վերջին տարիներին Հայաստանում միջազգային մրցաշարեր են անցկացվում։ Որպես մասնագետ՝ ինչպե՞ս կգնահատես նման լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպվածությունը։

-Անցած տարի ապրիլին Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը մեզ մոտ էր․ ես անվտանգության (պահնորդական ծառայության) աշխատակից էի։ Անկեղծ կասեմ՝ հիացած էի, երբեւէ չէի պատկերացնի, որ այդքան կազմակերպված կանցներ ամեն ինչ։ Բոլորս իրար օգնում էինք, զիջում, փոխարինում։ Ամենաշատն ուրախացրեց լեփ-լեցուն դահլիճը։ Անգամ ռեկորդ գրանցեցինք՝ 3000-3500 տեղանոց դահլիճում մոտ 5000 մարդ էր հավաքվել, ոմանք ոտքի վրա կանգնած՝ ոգեւորում էին մեր մարզիկներին։ Այս առումով մեր երկրի պոտենցիալը շատ մեծ է, եւ հնարավորինս պետք է այնպես անենք, որ Հայաստանը դառնա միջազգային սպորտային հարթակ։

-Մեզ՝ հանդիսատեսիս, միշտ հետաքրքիր է կուլիսային կյանքը։ Կհիշե՞ս որեւէ զավեշտալի դեպք քո աշխատանքում։

-Շատ-շատ են։ Օրինակ՝ Գյումրիում անցկացվող Համահայկական 8-րդ խաղերի ժամանակ ես ուղեկցում էի Ռուսաստանի պատվիրակությունը՝ ձեռքումս պահած Տյումեն քաղաքի պաստառը։ Մասնակիցների մի մասը միջոցառման կեսից առանձնացավ, եւ հաղորդավար Կարեն Գիլոյանը ստիպված եղավ մի քանի անգամ ներկայացնել ռուսական թիմին։ Իսկ այդ ընթացքում ես վազվզում էի ամբողջ տարածքով՝ պաստառը ձեռքիս, որ հասցնեմ մասնակիցների առջեւից քայլել։ Հաճախ ենք այս դեպքը վերհիշում ու ծիծաղում։

-Ջուլյա՛, ասացիր, որ սպորտը քո կյանքում պարտադիր զբաղմունք է։ Փորձառու մարզիկ հայրիկիցդ ի՞նչ ես սովորել։

-Երբեք չհանձնվել։ Եթե ինչ-որ բան չես կարողանում անել, այնքան փորձի՛ր, մինչեւ ինքդ քեզ գերազանցես։ Հայրս այժմ մոտ 50 տարեկան է, այնպիսի վարժություններ է անում, որ նայելով նրան՝ երանի եմ տալիս, որ մի օր ինքս իմ երեխաներին կարողանամ սպորտի հարցերով խորհուրդ տալ։ Եթե աղջիկ ունենամ, հաստատ թեթեւ ատլետ է լինելու։

— Ինչու՞ չգնացիր պրոֆեսիոնալ սպորտի ուղղությամբ, այլ ընտրեցիր ՃԿՊԱ-ն։

-Երկրապահ կամավորական ջոկատում 3 տարի ծառայելուց հետո ես հասկացա, որ պետք է շարունակեմ իմ ծառայությունը հայրենիքիս։ Ճիշտ է՝ մենք դիրքեր չենք գնացել, սակայն ծանոթ ենք պատերազմական իրավիճակում մեր անելիքին՝ որպես զինվոր։

ՃԿՊԱ «Ճգնաժամային կառավարում» մասնագիտությունն ընտրեցի՝ լսելով սրտիս, քանի որ շատ հաճախ մենք ընտրում ենք մասնագիտություն՝ վստահ չլինելով, թե արդյոք կհասնենք այդ ճանապարհի վերջին։ Ես գտել եմ իմ ճանապարհը․ հիշում եմ, թե մայրս ինչպես ուրախացավ, երբ եկա տուն ու ասացի, որ ընդունվել եմ։ Մի բան կուզեմ ասել բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ բուհում սովորելը ժամանակի անիմաստ կորուստ է․ փոխարենը կարելի է ավելի եկամտաբեր մասնագիտություն ձեռք բերել կարճ ժամանակում։ Բուհական տարիները քեզ ոչ միայն կրթություն, այլեւ ընկերություն են տալիս։ Ամենամեծ ձեռքբերումս, որով հպարտացել եմ, ակադեմիա ընդունվելն էր։

Այժմ սովորում եմ հեռակա ուսուցմամբ՝ համատեղելով կրթությունն անվտանգության աշխատակցի աշխատանքիս հետ։ Նպատակս է հնարավորինս շուտ անցնել աշխատանքի համակարգում՝ լինի ներքին գործերի նախարարություն թե այլ ուժային կառույց։ Ինձ համար պատիվ է համազգեստ կրելը։

-Ասացիր, որ Երկրապահ կամավորական ջոկատում բանակային կյանքով ես ապրել, ուստի լավ գիտես՝ ինչ է քաղաքացիական պաշտպանությունը։ Այս առարկայի իմացությունը որքանո՞վ ես կարեւորում։

— Պարտադիր է ինքդ քեզ ու դիմացինին պաշտպանել իմանալը, քանի որ բավական է՝ մեկ օր դիրքում լինես, հասկանում ես՝ պատերազմը չի ավարտվել։ Անչափահաս էի, երբ զինվորագրվելու դիմում տարա զինկոմիսարիատ։ Ինձ իհարկե մերժեցին, բայց Աստված չանի՝ մեր երկրում պատերազմ լինի, իմ ստորագրությունը միանշանակ կլինի այդ թղթում, քանի որ հայրենիքը մեր տունն է։ Իմ դպրոցական շատ ընկերներ ու մանկության ամենամտերիմ ընկերս արյուն են թափել այս հողի համար, եւ ամեն մեկը պետք է հասկանա, թե նրանց ինչ պատասխան է տալու։

-Ջուլյա՛, ընտրել ես պատասխատանու ու վտանգավոր աշխատանք՝ անվտանգության ապահովման ոլորտը։ Քո խիստ համազգեստից դուրս՝ բավականին նորաոճ ու կանացի տեսք ունես։ Ինչպե՞ս ես կարողանում այդ հավասարակշռությունը պահել։

-Հաճախ եմ լսում այսպիսի արտահայտություններ՝ «Համազգեստի միջից դուրս արի՛, քեզ կանացի պահի՛ր», «Փոքր-մոքր ես, այդ համազգեստը քեզ չի սազում» կամ «Ինչ փոքրամարմին ես, քեզ ո՞նց ես պաշտպանելու»։ Սա սովորաբար մարդիկ ասում են՝ առանց քեզ ճանաչելու։ Նույն տրամաբանությամբ՝ առանց ինձ ճանաչելու ենթադրում են, որ եթե թիկունքս ձիգ, զինվորականի պես եմ ինձ պահում, չեմ կարող կանացի լինել։ Բոլոր երիտասարդ աղջիկների պես ես էլ սիրում եմ ֆոտոշութեր, զարդեր, նորաոճ հագուստ։ Միշտ հետեւում եմ թրենդներին, բայց նաեւ փորձում եմ չկորցնել իմ «Ես»-ը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Ջուլյա Բաղդասարյանը