Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան շատերի համար է ոչ միայն կրթօջախ եղել։ Հայտնի բան է. ուսանողական տարիներին ստեղծված ամուր կապը շարունակվում է բուհի պատերից դուրս։ Տասնյակ փրկարարական ընտանիքների սիրո պատմությունը սկսվել է հենց ակադեմիայում։

www.911tert.amի՝ «911 արտակարգ թերթ»-ի նոր հոդվածաշարի առաջին զրուցակիցներն են ՃԿՊԱ ուսանողներ, ՆԳՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ սերժանտ Կարեն Մանուկյանն ու ՃԿՊԱ առկա ուսուցման դեկանատի մեթոդիստ Սոնա Մանուկյանը։

 

Ծանոթությունն ու սիրո առաջին նշանները

Սոնա – Ես ու Կարենը սովորում էինք տարբեր խմբերում։ Չար երեխաներ են լինում, չէ՞, որ անընդհատ կռիվների կիզակետում են, վատ առաջադիմություն ունեն։ Կարենն այդպիսին էր։ Ես էլ «կաղապարներ» ունեի, որ չեմ կարող վատ սովորողի հետ շփվել։

Քոլեջի երկրորդ կուրսում ամեն ինչ փոխվեց։ Սիրո մասին միջոցառում պետք է անեինք, իսկ Կարենի ընկերը սիրահարված էր կուրսեցուս։ Երկուսով ցանկություն հայտնեցին մասնակցելու միջոցառմանը, թեպետ ասմունքելուց շատ հեռու էին (ծիծաղում է, հեղ․)։

Կարեն — Բոլորի աչքին վատն էինք երեւում, որոշեցինք մեր մասին տպավորությունը փոխել։ Այդ ամենին ներդրում ունեցավ մեր հայոց լեզվի դասախոսը։

Ես անընդհատ հետեւում էի Սոնային։ Նա պատասխանատվության շատ մեծ զգացում ուներ, ու դիմացինը, անկախ իրենից, ավելի կազմակերպված ու լուրջ էր դառնում։ Որոշ ժամանակ հետո սկսեցի հասկանալ, որ սիրով եմ դասերի գնում, անգամ քնից շուտ եմ զարթնում, չնայած մինչ այդ միշտ ուշանում էի։

Միջոցառման փորձերի ժամանակ միտումնավոր կորցնում էի տեքստս ու պատճառ բռնում, թե վատ ձեռագիր ունեմ։ Սոնան օգնության էր հասնում։ Դրանից հետո բոլորս մտերմացել էինք։ Ես ու ընկերս բարի համբավ ու վստահություն ձեռք բերեցինք։

Սոնա- Ճիշտն ասա՛, միջոցառման ժամանակ արդեն սիրահարված էիր, չէ՞։

Կարեն- Դե․․․ Սոնայի հետ շատ հետաքրքիր էր, միշտ զրույցի թեմա գտնում էինք։ Փոխանակվեցինք հեռախոսահամարներով, շփումն ավելի սերտացավ։ Միայն թե շատ միամիտն էր, չէր հասկանում, թե իրենից ինչ եմ ուզում։ Չէի ուզում զգացմունքներիս մասին ուղիղ ասել, ստիպված հորինեցի, թե մի աղջկա եմ համակրում, խնդրեցի Սոնային օգնել այդ աղջկա սիրտը շահելու հարցում։ Չմերժեց։ Այդ խաղն այնքան երկար տեւեց, մինչեւ ճշմարտությունն իմացավ (ծիծաղում է․ հեղ․)։

Դա եղավ մեր սիրո սկիզբը։ Այդ տարիներին մեր քոլեջի ուսանողներից շատ զույգեր կազմվեցին։ Երբ որոշեցինք երկուսով բակալավրի կրթական ծրագրին դիմել, շատերը մտավախություն ունեին, որ եթե ես ու Սոնան նույն կուրսից լինենք, ես նրա առաջադիմությանը կխանգարեմ։ Մենք պետական քննությունները միասին պարապեցինք ու գերազանց ավարտեցինք։

 

Հարկադրված բաժանում

Սոնա- 2018 -ին Կարենը զորակոչվեց հայոց բանակ։ Մինչեւ նրա բանակ գնալը մենք արդեն այնքան հաստատուն էինք մեր զգացմունքների մեջ, որ երկուսիս ծնողներն էլ տեղյակ էին մեր հարաբերությունների մասին։ Ես մեր տան ամենափոքրն էի․ հայրս միշտ զարմանում էր, թե ինչպես այդքան շուտ սիրահարվեցի (ժպտում է, հեղ․)։ Մի օր պատահական Կարենին տեսնում է մեր բակում, հարցուփորձ անում, նա էլ պատմում է մեր մասին։ Այդ օրը մեր տանը միասին ֆուտբոլ են նայում, ու Կարենը ստիպված ստում է, որ ֆուտբոլ շատ է սիրում։ Ծնողներս նրան իրենց երեխայի պես սիրեցին։

Կարենի երդմնակալության արարողությանը գնացել էի նրա ծնողների հետ միասին։ Մարտակերտի պաշտպանական շրջանում էր ծառայում։ Սկզբում շատ դժվար էր․ միաժամանակ մի քանի օրացույց էի պահում ու հերթով ջնջում ծառայության օրերը։ Երբեւէ չի եղել, որ նրա հետ լինելու որոշումից նահանջեմ։

Կարեն- Ծառայության ողջ ընթացքում մտածում էի իմ ու Սոնայի ապագայի մասին։ Մեր հեռախոսակապն այնքան վատն էր, ու Սոնան ինձ թղթե նամակներ էր գրում։ Վստահ էի, որ նա ինձ սպասում է։ Մենք երբեք այդ հարցը չենք քննարկել․ նա իր սերն ապացուցում էր քայլերով։

 

Ամուսնության որոշում՝ կորոնավիրուսի թեժ շրջանում

Կարեն- Բանակից վերադարձա։ Փետրվարի վերջին օրը Սոնայի ծնունդն էր։ Որոշել էինք, որ հիպոթեքով տուն ենք գնելու ու առանձին ապրենք, իսկ մինչ այդ մեծ նշանադրություն ենք անելու։ Բայց որոշ ընտանեկան պատճառներով արարողությունը հետաձգվեց, իսկ մարտի մեկից սկսվեց կորոնավիրուսի համաճարակը։

Սոնա- Այնքան դժվարություններ եղան․ չէին թույլատրվում մեծ հավաքներ, ու ստիպված երկու ընտանիքներով փոքր նշանադրություն արեցինք։ Հասկանալով, որ այս ամենը կարող է երկար ձգվել, մի օր ավտոբուսով տուն գնալիս որոշեցինք, որ պետք է իրար հետ ապրենք։ Ոչ մի ռոմանտիկ արտասովոր առաջարկ (ծիծաղում է․ հեղ․)։ Կրկին փոքր հարսանիք՝ ամենամտերիմների հետ։

Կարեն- Ամուսնության հաջորդ օրը հաստատվեց իմ հրամանը, որով աշխատանքի անցա Լուսակերտի ուսումնական բազայում։ Դրանից հետո բոլորին ասում եմ՝ ամուսնացե՛ք, որ հաջողություն ունենաք (կատակում է, հեղ․)։

 

Արցախյան 44-օրա պատերազմը, երեխայի ծնունդն ու առաջիկա նպատակները

Սոնա- 2020 թվականի սեպտեմբերի 26-ին իմացա, որ բալիկ ենք ունենալու։ Սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց։ Կարենը կամավորագրվեց ԱԻՆ համահամաք գումարտակին։ Մի պահ փորձեցի համոզել, որ չգնա, սաստեց, որ էլ երբեք այդպիսի բան չասեմ․ գնալու է ու հետ դառնա։

Շատ դժվար շրջան ապրեցինք։ Չգիտեի, որ Ասկերան է գնացել։ Տագնապներս շատ էին, բայց այն եզակի օրերին, որ զանգում էր ինձ, անմիջապես խաղաղվում էի։ Առողջ վերադարձավ տուն, ծնվեց մեր աղջիկը՝ Արփին։ Մեր սիրո պտուղն է, ուրախությունը։ Արտաքինից ու բնավորությամբ լրիվ հայրիկն է։ Երեխայի դաստիարակության հարցում դժվարություն չեմ զգում․ Կարենն ինձ շատ է աջակցում։ Վերջապես գնել ենք մեր երազած բնակարանը, որն այժմ վերանորոգման փուլում է։

Այս շրջանում երկուսս մեր ծնողների տանն ենք մնում մինչեւ մեր բնակարանի նորամուտը։ Նորից վերապրում ենք մեր երիտասարդությունը․ Կարենը գալիս է մեր բակ ու միասին երկար զբոսնում ենք։ Երբեք չեմ տեսել նրա նման պայքարող, իր նպատակին հասնող տղամարդ․ չկա որեւէ հարց, որի լուծումը նա չգտնի։ Ձեռքի մեծ շնորհ ունի։ Ահա թե ինչն եմ ամենաշատը նրա մեջ սիրում։

Կարեն- Սոնան ինձ շատ է օգնում ու ոգեւորում։ Ճիշտ է՝ երեխա ունենք, պատասխանատվությունը մեծ է, բայց աշխատում ենք երբեք չմոռանալ ինքներս մեզ՝ որպես անհատականություն։

Զորացրվելուց հետո միաձայն որոշեցինք, որ ուսումս պիտի շարունակեմ։ Ուզում եմ փրկարար ծառայության սպա դառնալ։ Վստահաբար տարիներ հետո զղջալու էի, եթե կրթությունս կիսատ թողնեի։

Սոնա— Իմ ապագա կյանքը մանկավարժության ոլորտում եմ պատկերացնում։ Այժմ մագիստրատուրայում եմ սովորում։ Ուզում եմ դասավանդել․ երեխաների հետ շփումն ինձ դրական էմոցիաներ է տալիս։ Դա իմ տիեզերքն է։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Սոնա Մանուկյանը

Հ․Գ․ Զրույցի ավարտին վիճաբանեցինք, այն համոզմունքի շուրջ, թե սերն ապրում է երեք տարի։ Սոնան ասում է՝ սերը վերափոխվում է, բայց չի անհետանում։ Այն միշտ հաղթող է։ Եթե հստակ գիտես՝ ինչի համար ես պայքարում, ոչ մի դժվարության առաջ չես կանգնի։