ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ «Կյանքի աստղի միջազգային կոմիտե» միջազգային մարդասիրական հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ, դեկտեմբերի 13-ին եւ 14-ին անցկացվեց ՃԿՊԱ տղա ուսանողների սեղանի թենիսի առաջնություն, որին մասնակցում էին միջին մասնագիտական եւ բակալավրի կրթական ծրագրերի 33 ուսանող: Առաջնության գլխավոր մրցավարը ՃԿՊԱ ֆիզիկական դաստիարակության դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Նասիլյանն էր, իսկ ՃԿՊԱ-«Կյանքի աստղի միջազգային կոմիտե» համագործակցության հուշագիրը ստորագրվել է այս տարվա մայիսին:

Երկօրյա պայքարից հետո հայտնի դարձան հաղթողները.

  • առաջին տեղ. «Փրկարարական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Նվեր Գեւորգյան
  • երկրորդ տեղ. «Փրկարարական գործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Գեորգի Հայրապետյան
  • երրորդ տեղ. «Փրկարարական գործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Դմիտրի Դարբինյան

ՃԿՊԱ սեղանի թենիսի չեմպիոն Նվեր Գեւորգյանը Սյունիքի մարզի Գորայք գյուղից է եւ դպրոցում ֆիզկուլտուրայի դասերին հաճախ են խաղացել ոչ միայն սեղանի թենիս, այլ նաեւ՝ ֆուտբոլ, վոյելբոլ: Նաեւ մարզասեր ընտանիքի զավակ է. ժամանակին հայրն է սիրողական սպորտի ակտիվ սիրահար եղել, մասնակցել տարբեր մրցումների: Նվեր Գեւորգյանի խոսքով, բուհի առաջնությանը մասնակցելը եւ հաղթելը նոր ծանոթություններ, կապեր ու ընկերներ տվեց: Իսկ ապագա փրկարարի համար մարզական լավ վիճակում լինելը միայն օգուտ է:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի եւ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. ՃԿՊԱ սեղանի թենիսի աղջիկների առաջնությունը անցկացվել էր դեկտեմբերի 11-ին: