Դեկտեմբերի 9-10-ը Չեխիայի Ուստի-Նադ-Լաբեմ քաղաքում անցկացվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշար, որում տասնյակ մարզիկներ թեժ պայքար մղեցին WBF վարկածով Եվրոպայի գոտու համար։

Գոտին նվաճեց Հայաստանի ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» շրջանավարտ, դասախոս, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտի բազմակի մեդալակիր, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը՝ 10 ռաունդում մրցակցին հասցրած հարվածների ակնհայտ առավելությամբ։ Նրա մրցակից Մոնղոլիայի ներկայացուցիչն իր սպորտային կարիերայում անցկացրել էր 34 մենամարտ, Յուրին՝ 4։ Սա մեծ հաջողություն է հայ երիտասարդ մարզիկի համար, քանի որ անկախ Հայաստանի պատմության մեջ բռնցքամարտի Եվրոպայի գոտի նվաճել են երկու մարզիկ՝ Վիկ Դարչինյանն ու Արթուր Աբրահամը։

Յուրին ժպիտով նշում է՝ այս անգամ էլ իր խառնվածքն օգնեց հաղթել, ինչպես մարզիչն է ասում։ Իրականում բարդ մենամարտ է եղել, իսկ 5-րդ ռաունդից սկսած՝ խանգարել է նախկինում ստացած վնասվածքը։ Յուրին ստիպված է եղել դիմել տակտիկական փոփոխության՝ պայքարելով մինչեւ վերջին պահը։ Խոստովանում է՝ մոնղոլ մարզիկն իրեն հանդիպած ամենաուժեղ մրցակիցն էր։ Մտավախություն կար, որ մրցավարներն անաչառ չեն գտնվի։ Բայց ի վերջո հաղթանակը շնորհվեց իրեն։

Կազմակերպչական եւ նախապատրաստական ամբողջ աշխատանքն անձամբ է արել՝ ընկերների ու հովանավորների օգնությամբ։ 5 ամիս պայքարել է, որ Գերմանիայի ու Բելգիայի բռնցքամարտի ֆեդերացիաներն իրեն մասնակցության հնարավորություն տան, քանի որ Եվրոպայի գոտու համար կարող են մրցել միայն բազմաթիվ մենամարտեր վարած ու բարձր վարկանիշ ունեցող մարզիկները։

Հարցին՝ ինչու չի անդամակցում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային, որը կարող է մրցաշարերի մասնակցության համար ֆինանսապես աջակցել, Յուրին պատասխանում է․ «Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն անհատ է, ազատ մարդ եւ ինքնուրույն պետք է իր հարցերը լուծի։ Ես թե՛ իմ մենեջերն եմ, թե՛ մարզիչը։ Կայացել ու կայանում եմ այն մարդկանց շնորհիվ, որոնք ինձ հավատում են՝ իմ մարզիչներ Արթուր Գալստյանն ու Սարգիս Մկրտչյանը, ներդրում ունեցած բոլոր բարի մարդիկ։ Այս հաղթանակը բոլորինս է, շնորհակալ եմ ինձ քաջալերելու համար։ Հուսամ՝ արդարացրի նրանց սպասումները»,- ասում է Յուրի Սաքունցը։

Իսկ ո՞րն է իր հաջողության գաղտնիքը։ ՃԿՊԱ դասախոսին շատ բաներ կարող են ոգեշնչել, առաջին հերթին՝ հայրենասիրական երգերը, որոնց ներքո միշտ ռինգ է մտնում․ «Դրանով ես ցույց եմ տալիս մեր անկոտրում լինելը։ Պատերազմից հետո մեր երկրում շատ բան է փոխվել։ Միմյանց նկատմամբ անտարբերությունը կարող է կործանիչ լինել։ Ամեն մեկս պետք է մեր գործն անենք, ուրախանանք դիմացինի հաջողությամբ ու լինենք միասնական»։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Յուրի Սաքունցը

Հ.Գ. Յուրի Սաքունցի մարզական այլ հաջողությունների մասին կարդացեք.

Յուրի Սաքունցի նոր ռեկորդը

Յուրի Սաքունցը՝ բռնցքամարտի մրցաշարի հաղթող

Յուրի Սաքունցը՝ միջազգային առաջնության հաղթող

Յուրի Սաքունցը կրկնակի գերազանցեց սեփական ռեկորդը

Յուրի Սաքունցը՝ համաշխարհային ռեկորդի հեղինակ