ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ 1988 թվականի դեկտեմբերի յոթի Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված եզրափակիչ միջոցառումը տեղի ունեցավ այսօր: ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Հայկական լեռնաշխարհի պատմական երկրաշարժերն ըստ հայ պատմիչների աշխատությունների» եւ «Սեյսմիկ պաշտպանությունը եւ նրա կազմակերպումը» թեմաներով սեմինար-քննարկում, հիմնական բանախոսները ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողներն էին:

Բանախոսները արձանագրեցին, որ վաղվա փրկարարի համար կարեւոր է անցյալի աղետների մասին տեղեկությունը, հենց միայն սեյսմիկ շրջանացման քարտեզներ կազմելու համար: Իսկ պատմական երկրաշարժերի մասին տեղեկություններ շատ կան: Մովսես Խորենացի, Կիրակոս Գանձակեցի, Ղեւոնդ Ալիշան, Ստեփանոս Տարոնեցի, Առաքել Դավրիժեցի, Թովմա Արծրունի, Հովհաննես Դրաստանակերտցի. ահա ոչ ամբողջական ցուցակն հայ այն պատմիչների, որոնց գործերում հիշատակվում են տարբեր բնակավայրերում գրանցված երկրաշարժեր: Դվին, Երզնկա, Գանձակ, Անի, Վան, Գառնի. ահա ոչ ամբողջական ցուցակն այն բնակավայրերի, որ կործանվել կամ մեծապես տուժել են երկրաշարժերից: Հայաստանում գրանցված երկրաշարժերից մեկի մասին իր հուշերում խոսում է նաեւ Լեոնարդո Դա Վինչին:

Բնական էր, որ պատմական այս էքսկուրսին պետք է հաջորդեր «Սեյսմիկ պաշտպանությունը եւ նրա կազմակերպումը» թեմայով զեկույցը: Ուսանողները ներկայացրեցին սեյսմիկ ռիսկի գնահատման եւ ճիշտ արձագանքման տարբեր հարթություններ՝ ապահովագրությունից մինչեւ ազդարարում, աղետների ռիսկի նվազեցման համայնքային շտաբից մինչեւ միջազգային կառույցների հետ համագործակցություն:

Վերջում ցուցադրվեց «Իմ նոր տարին» ֆիլմը: Սա իրական փաստերի վրա նկարահանված կարճամետրաժ ժապավեն է եւ պատմում է երկրաշարժից կնոջը կորցրած եւ երկու երեխայի հոգսը միայնակ կրող տղամարդու՝ Արամի մասին, որի միակ մխիթարանքը մնացել է կնոջ դին գտնելը եւ առանձին գերեզմանում ամփոփելը: Ֆիլմը նվիրված է բոլոր նրանց, ովքեր չնայած կյանքի հասցրած անասելի դաժան հարվածներին, ուժ են գտել ապրելու հանուն երեխաների, հանուն ապագայի: Ու պատահական չէր, որ ողջ ֆիլմում մռայլ, դատարկ ու բացակա հայացքով, հոգսերի տակ կքած Արամը, վերջում տոնածառ է բերում երեխաներին ու ժպտում: Ֆիլմի ռեժիսոր Արուսյակ Սիմոնյանը ծնունդով սպիտակցի է, 1988 թվականի դեկտեմբերին եղել է 4 տարեկան:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ուսանողները

Հ.Գ. 1988 թվականի դեկտեմբերի յոթի Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին կարդացեք.

Բաց դռների օր եւ գույքի ցուցադրություն ՃԿՊԱ-ում

«Ռեքվիեմ» ֆիլմի ցուցադրություն