ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու Դավիթ Թադեւոսյանի եւ արտակարգ իրավիճակների ու ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու Վահագն Կրբեկյանի նախաձեռնությամբ, այսօր՝ Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցին, կազմակերպվեց երկրաշարժին նվիրված «Ռեքվիեմ» (արտադրող՝ փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա) փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը՝ ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների համար: Ֆիլմում տեքստ չկա, կադրերը շատ խոսուն են:

Այսօր արդեն ակնհայտ է, որ 34 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը երկու հիմնական պատճառ ուներ՝ սխալ հաշվարկված՝ թերագնահատված սեյսմիկ ռիսկ եւ անորակ շինարարություն: Մնացյալը ածանցյալ է՝ քաղաքացիները կառուցվածքային փոփոխություններ էին արել անորակ կառուցված շենքերում, գործարանի ծանր հաստոցները դրված էին 2-րդ եւ 3-րդ հարկերում եւ այլն: Այն ժամանակ չկար մասնագիտացված փրկարար ծառայություն, աղետներից ու վտանգներից տեղյակ ու անհրաժեշտության դեպքում՝ ճիշտ վարք դրսեւորող քաղաքացի: Հիմա այս ամենն ունենք, բայց ոչ այն մակարդակով, որ ասենք դիմակայուն հասարակություն ենք: Ուստի եզրակացությունը մեկն է՝ Սպիտակի երկրաշարժից քաղված լավագույն դասը կլինի դիմակայունության բարձրացումը:

Սպիտակի երկրաշարժի շրջադարձային եղավ փրկարար ծառայությունների համագործակցության եւ միջազգային մարդասիրական օգնության հարթություններում: 1985 թվականին Մեքսիկայում երկրաշարժը 10 000 մարդու կյանք խլեց, 1988-ին Հայաստանում Սպիտակի երկրաշարժը 25 000 մարդու կյանք խլեց: Երկու դեպքում էլ տուժած երկրներին օգնության ձեռք մեկնեցին շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ: Մարդասիրական այս քայլերը ցույց տվեցին, որ, ցավոք, գոյություն չունեն մեծածավալ աղետների դեպքում միջազգային մարդասիրական օգնության տրամադրման եւ համակարգման ընթացակարգեր եւ խնդիր դրվեց ունենալ ինքնաբավ, սեփական միջոցներով 8-10 օր աշխատող փրկարարական թիմեր, որոնք կգործեն նույն ոճով, ինչը կբարձրացնի փրկարարական աշխատանքների արդյունավետությունը, կհեշտացնի տարբեր երկրներից ժամանած փրկարար ուժերի համագործակցությունը: 1991-ին ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի գրասենյակի ներքո ձեւավորվեց «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խումբ»` The International Search and Rescue Advisory Group (INSARAG): Կարգախոսը՝ «Պատրաստվածություն եւ արձագանքում»: Նման թիմ ունի նաեւ Հայաստանը: INSARAG-ի չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական` ՔՈՓ, թիմ ունենալու Հայաստանի քայլերը սկսվել են 2004 թվականին: 2015 թվականին մեր թիմը հաջողությամբ անցնելով որակավորման վարժանք-քննությունը ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում: Բացի սրանից, Հայաստանում ձեւավորվել է եւս չորս թիմ, որոնք ունեն ներքին՝ ազգային որակավորում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ