ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները, կուրսղեկ Աննա Ենգիբարյանի հետ նոյեմբերի տասին այցելեցին Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան:

Թանգարանում ներկայացված են ‎ֆ‎իդայական շարժման նշանավոր գործիչների կյանքը, գործունեությունը, անձնական իրերը՝ Արաբո, Աղբյուր Սերոբ եւ այսպես մինչեւ արցախյան պատերազմի հերոսներ:

Արժեքավոր ցուցանմուշներից էին Անդրանիկի՝ Բալկանյան պատերազմին մասնակցած թուրը, նրա ծննդավայրի՝ Շապին Գարահիսարի, Մշո Սուրբ Առաքելոց վանքի մակետները, Բուլղարիայի տան մանրակերտը, Արա Շիրազի կերտած Անդրանիկի քանդակը, Անդրանիկին Դսեղում նվիրված դաշույնը, Թումանյանի եւ Անդրանիկի՝ Թի‎‎ֆլիսում 1917-1918 թվականներին հրատարակած «Հայաստան» օրաթերթի համարները, գրասենյակային իրերը, Մախլուտոյի անձնական իրերը՝ հին պատե‎ֆոնը, ժամացույցը, Սերոբի դաշույնը եւ այլն։

Լուսանկարները տրամադրել են ուսանողները