Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսումնական բազայում կազմակերպվել էր ռեժիսոր Արուսյակ Սիմոնյանի «Իմ նոր տարին» ֆիլմի դիտումը։ Մասնակցում էին միջին մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողները՝ «Երկրաշարժի հետեւանքներն ու կառավարման թերությունները» թեմատիկ դասընթացի շրջանակում։

Ֆիլմը պատմում է երկու զավակ ունեցող հոր մասին, որը երկրաշարժից հետո իր կնոջ աճյունը գտնելու համար 300 եղբայրական գերեզման է բացում։

«Ծանր է Սպիտակի երկրաշարժի պատճառած կորուստների եւ մարդկային ճակատագրերի մասին պատմել մի սերնդի, որն այդ ամենը չի տեսել։ Ֆիլմը ռեժիսորական ընտիր հնարքներով բացահայտեց այդ ամենը։ Լսարանը քարացած էր ու տպավորված»,- մանրամասնեց «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավար Արմեն Առաքելյանը։

Սովորողների համար կազմակերպվող թեմատիկ սեմինարները հաստատված են տարեկան պլանով, որպես ուսումնական նյութ՝ օգտագործվում են ֆիլմեր, տեսանյութեր, վավերագրական արխիվ։ Թեեւ ծրագիրը միայն քոլեջի ուսանողների համար է, սակայն ներգրավվում են նաեւ բակալավրիատի սաները։ Դասընթացները կազմակերպվում են թե՛ հեռավար, թե՛ լսարանային ձեւաչափով։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը տրամադրել են ուսանողները